ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Բեռլինում նոյեմբերի 12-13-ին մասնակցել է ԵԱՀԿ շվեյցարական նախագահության, Գերմանիայի արտգործնախարարության և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից Հակասեմականության վերաբերյալ ԵԱՀԿ Բեռլինյան հռչակագրի տասնամյակի ոգեկոչմանը նվիրված բարձրաստիճան հանդիպմանը:

 

Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահը, Գերմանիայի, Սերբիայի, Սլովակիայի, Իտալիայի ԱԳ նախարարները, ԵԱՀԿ մի շարք մասնակից և գործընկեր երկրների ԱԳ փոխնախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:

 

Իր ելույթում նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել ԵԱՀԿ այն հանձնառությունների կատարման վրա, որոնք ընդգծում են Հոլոքոստի և այլ ցեղասպանությունների մասին հիշողության պահպանման և կրթական համակարգում արտացոլելու անհրաժեշտությունը: Ցեղասպանության կանխարգելման անհրաժեշտության համատեքստում վկայակոչվել է Հոլոքոստի ծրագրման ժամանակ մոռացության մատված Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հիտլերի հայտնի արտահայտությունը:

 

Աշոտ Հովակիմյանը նաև հակադարձել է հակասեմականության վերաբերյալ հանդիպումը հայատյացության քարոզչության ամբիոն վերածելու Ադրբեջանի պատվիրակի փորձերին: