Միջազգային կառույցները պետք է հասցեական օգնություն ցուցաբերեն Շանգալի եզդիներին։ «Հումանիտար օգնությունը հիմնականում գալիս է Հյուսիսային Իրաքի քրդական Էրբիլ քաղաք, իսկ քրդերը այդ օգնության միայն 10 տոկոսն են տրամադրում եզդիներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ նոյեմբերի 15-ին կայացած հանդիպմանը հայտնեց Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սաիդ Ավդալյանը և հավելեց, որ եվրոպական պետությունները զենքը տրամադրում են քրդական փեշմարգա զինված ուժերին, որոնք զենքի չնչին մասն են տրամադրում Շանգալում գտնվող եզդիական կամավորական ջոկատներին։

 

Եզդի գործչի պնդմամբ՝ Թուրքիայի քրդական Զախո քաղաքում գտնվող եզդիական ճամբարում ձմռան գալուստը առաջ է բերել լուրջ դժվարություններ։ «Այնտեղ ջերմաստիճանը արդեն հասնում է մինչև -5 C, իսկ 147 հազար եզդի փախստականն երի համար հարկավոր է 30 հազար ջերմատաքացուցիչ, սակայն առկա է միայն 2 հազարը»,-նշեց Ավդալյանը։

 

Միջազգայնագետ Սարգիս Լևոնյանը նկատեց, որ Շանգալի եզդիների միակ փրկությունը նրանց ինքնավարության միջազգային ճանաչումն է։ «Շանգալի եզդիները հայտնվել են եռակի հարվածի տակ. մի կողմից' Թուրքիան ցանկանում է իր վերահսկողությունը հաստատել Հյուսիսային Իրաքի մի շարք շրջանների նկատմամբ, երկրորդ կողմից' քրդերը նպատակ ունեն ստեղծել պետություն, երրորդ կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է, որը Շանգալը գրավելուց հետո, նպատակադրված է հարվածել քրդաբնակ բնակավայրերին»,- ասաց փորձագետը և հավելեց, որ եզդիները պետք է արևմտյան և հայկական լոբիստական կազմակերպությունների միջոցով համոզեն միջազգային հանրությանը, որ եզդիներին տալով ինքնավարություն, Արևմուտքը նրանց կարող է օգտագործել որպես զսպող միջոց՝ ի հակադրություն քրդերի՝ ինքնավար պետություն ստեղծելու ցանկության, և դրանով իսկ կանխեն Թուրքիայի հնարավոր էքսպանսիան դեպի Հյուսիսային Իրաք և Սիրիա։

 

Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Հյուսիսային Իրաքում եզդիների թիվը հասնում է 500-800 հազարի: Նրանք կենտրոնացած են եզդիաբնակ Շանգալ նահանգում:

 

2014թ. Օգոստոսի 2-ից «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ահաբեկիչները հարձակումներ են իրականացնում այնտեղ բնակվող եզդիների վրա և գրավելով Շանգալ նահանգի մի մասը՝ ցանկանում են երկիրը ազատել այլադավաններից։