«Երևանյան ճարտարապետական բիենալե-2014» մրցույթ-ցուցահանդեսն ամփոփեց արդյունքները: ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի սրահում նոյեմբերի 15-ին անցկացվեց դեռևս հոկտեմբերի 6-ին մեկնարկած մրցույթի մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը:

 

 

Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոր Գրիգորյանը նշեց, որ մրցութային հանձնաժողովը երկար է աշխատել ներկայացված նախագծերն ուսումնասիրելու համար:

 

«Մի քանի անգամ նիստեր գումարվեցին, և այսօր մենք հնարավորություն ունենք հայտարարելու մեր արդյունքները: Այսուհետև երկու տարին մեկ անգամ ենք կազմակերպելու «Երևանյան ճարտարապետական բիենալե» մրցույթ-ցուցահանդեսը, և եթե այս տարի ունեինք 12 երկրից մասնակից, հույս ունենք, որ այդ թիվը կավելանա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Աշոտ Գրիգորյանը:

 

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է հաճախ ներկայացնել ճարտարապետների գործունեությունը և խոսել այդ մասին՝ կազմակերպելով տարատեսակ քննարկումներ:

 

«Այս տեսակետից բիենալեն երկրորդ փորձն էր, և կարևոր երևույթ էր: Կան հետաքրքության արժանի գործեր, սակայն դեռևս լիարժեք չի հաջողվել հստակ տարանջատումներ անել, պահանջներ շարադրել մասնակիցների համար: Մենք հաջորդ անգամ բոլորովին այլ որակի և մակարդակի բիենալե կանցկացնենք»,- հայտնեց քաղաքաշինության նախարարը:

 

Առաջին կարգի դիպլոմների և քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար մեդալների արժանացան Հուրի Ավետիսյանը, Արա Զարյանը, Քրիստին Լամորուէնը, Արմեն Ղազարյանը: Պարգևներ ստացան նաև երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները:

 

Հատուկ դիպլոմներ հանձնվեցին նաև ՀՀ սփյուռքի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Ճարտարապետների միության կողմից: Բիենալեի հաղթողի և Գրանպրի մրցանակներ չշնորհվեցին:

 

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում հոկտեմբերի 6-ից անցկացվեց «Երևանյան ճարտարապետական բիենալե-2014» խորագրով համահայկական ճարտարապետական մրցույթ-ցուցահանդես:

 

Բիենալեին կարող էին մասնակցել Հայաստանի և Սփյուռքի հայազգի ճարտարապետներ, ճարտարապետական արվեստանոցներ, հեղինակային խմբեր, ինչպես նաև ճարտարապետական բուհերի ուսանողներ:

 

Բիենալեի նպատակն էր Հայաստանի և Սփյուռքի հայազգի ճարտարապետների ներուժի, գիտական և ստեղծագործական մտքի համախմբումը, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառներում միջազգային համագործակցության խթանումը, հայ ճարտարապետական ժառանգության հանրահռչակումը, մասնագիտական ուսուցման բարելավումն ու միջազգային համագործակցության դաշտում մրցունակության բարձրացումը: