Նոյեմբերի 14-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցավ արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարով հրատարակված «Սվետլանա Գրիգորյան» ժողովածու-ալբոմի շնորհանդեսը:
Վաստակաշատ դերասանուհու, հանրապետության ժողովրդական արտիստի կյանքն ու գործը ներկայացնող գիրքը լույս է տեսել Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի մեկենասությամբ:
Շնորհադեսը գնահատանքի ու երախտագիտության խոսքով բացեց թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը. Սվետլանա Գրիգորյանի թատերական վաստակն ու Սերգեյ Առաքելյանի աշխատությունը արժևորեցին ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մաեստրո Հովհաննես Չեքիջյանը, Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Իսահակյանը:
Գրքի մտահղացման ու կայացման ընթացքի մասին պատմեց և աշխատակցողներին իր երախտագիտությունը հայտնեց հեղինակը՝ Սերգեյ Առաքելյանը. Վլադիմիր Գասպարյանը կարևորեց թատրոնի դերն ու նշանակությունը մշակութային կյանքում և թատրոնին նվիրեց ոստիկանության զինանշանը: Սվետլանա Գրիգորյանի՝ հրաշալի դերասանի և անզուգական մարդու հուշ-երեկոյի փոխարկված շնորհանդեսն ամփոփվեց «Կարինե» օպերետի ցուցադրությամբ: