Եվրոպայում կարող է հասունանալ նոր միջազգային սկանդալ Բրյուսելի և Բաքվի միջև: Հունական «Դեսֆա» և ադրբեջանական «Socar» ընկերությունների միջև կնքված համաձայնագիրը, որի միջոցով ադրբեջանական գազը պետք է մտներ Եվրոպա, Եվրահանձնաժողովի հավանությանը չի արժանացել և կառույցը հանդես է եկել զեկույցով' հայտարարելով, որ որոշ ժամանակով սառեցվում է համաձայնագրի կետերի իրագործումը' հարվածի տակ դնելով Տրանս-ադրիատիկ խողովակաշարի (TAP-Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարման) կառուցման ծրագրի ընթացը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ունի խիստ մտահոգություններ այդ գործարքի առնչությամբ և մանրամասն հետաքննություն անցկացնելու անհրաժեշտություն է զգում' հասկանալու, արդյո՞ք այդ համագործակցութունն ու ադրբեջանական գազի մուտքը Եվրամիություն չի դիտարկվում մենաշնորհային և արդյո՞ք տրամադրվելիք գազի որակն ու ծառայությունները համապատասխանում են ԵՄ չափանիշներին: Եվրահանձնաժողովը պահանջել է անցկացնել հետաքննություն, որի համար կպահանջվի ավելի քան 3 ամիս: Մինչև 2015թ. մարտի 23-ը կամ 90 աշխատանքային օրվա ընթացքում Եվրահանձնաժողովը պետք է որոշում կայացնի' ադրբեջանական գազը մուտք կգործի՞ ԵՄ, թե ոչ:
Եվրահանձնաժողովի այս հայտարարությունն արժանացել է Ադրբեջանի իշխանությունների և մասնավորապես Socar-ի ղեկավարությանը զայրույթին: Արևմտյան մի շարք լրատվամիջոցների Socar-ի նախագահ Ռովնագ Աբդուալևը հայտարարել է, որ պատրաստ են սպասել Եվրահանձնաժողովի որոշմանը, միաժամանակ խիստ քննադատության ենթարկելով գործընկեր Հունաստանին առ այն, որ Աթենքը գործնական քայլեր չի ձեռնարկում այս հարցի առնչությամբ:
Աբդուալևը հանդիպել է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասին, սակայն հանդիպումից Ադրբեջանի ակնկալիքներն իրականություն չեն դարձել: Հասկանալով, որ Աթենքից չի կարելի սպասել լուրջ գործողություններ, Բաքուն դիմել է ԵՄ-ում իր միակ հավատարիմ և բարեկամ պետությանը: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պաշտոնապես դիմել է Բրյուսելին, սակայն Բրյուսելից հնչել է պատասխան, որ որոշում կկայացվի բացառապես հետաքննության արդյունքներն ուսումնասիրելուց հետո:
Ադրբեջանական գազը Եվրոպա մտնելու ֆիասկոն դարձել է նաև միջազգային լրատվամիջոցների քննարկման թեման: Ըստ Reuters-ի, այս համաձայնագիրը շատ կարևոր էր թե' Հունաստանի, թե' Ադրբեջանի համար: Հունաստանը կլուծեր տնտեսական խնդիրներ, Ադրբեջանն էլ ավելի կմոտենար Եվրամիությանն ու հայտ կներկայացներ մեծացնելու իր շուկան: Neweurope.eu կայքն ավելի կոշտ ձևակերպում է տալիս: Ըստ հեղինակի՝ Եվրահանձնաժողովը պատերազմ է հայտարարել ադրբեջանական գազի դեմ: Կայքի լրագրողը չի բացառում, որ մարտի վերջին Եվրահանձնաժողովի պատասխանը կրկին կլինի բացասական:
Հունաստանում հրապարակվող «Ազատ օր» պարբերականի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Հարությունյանի փոխանցմամբ, հունական կազմակերպությունը պայմանագիր կնքեց «Socar»-ի հետ երեք տարի առաջ, երբ Հունաստանում տնտեսական ճգնաժամը հասել էր գագաթնակետին: Հարությունյանը շեշտում է, որ ադրբեջանական ընկերության մուտքը Հունաստան լուրջ մարտահրավեր էր նաև տեղի հայության համար: Չունենալով Հունաստանում ադրբեջանական համայնք, Ադրբեջանը դեսպանատան միջոցով հսկայական գումարներ է ծախսում հակահայ քարոզչություն իրականացնելու և Լեռնային Ղարաբաղի մասին ադրբեջանական տեսակետը տարածելու համար:
«Վերջին երեք տարվա ընթացքում Ադրբեջանի դեսպանատունը շատ ակտիվ քաղաքականություն է վարում: Նրանք կազմակերպում են համերգներ, միջոցառումներ: Իհարկե, հայ համայնքն էլ իր հակազդեցությունն է ունենում, հաճախ այդ համերգները խափանվում են կամ միաժամանակ հայերն էլ ներկայացնում են հայկական տեսակետը, սակայն միշտ չէ, որ հնարավոր է պայքարել հսկայական գումարների դեմ»,- ասում է Հռիփսիմե Հարությունյանը' հավելելով, որ երկու երկրների գազային ընկերությունների համագործակցությունն էական ազդեցություն չի թողել ո'չ Հունաստանի իշխանությունների, ո'չ էլ հատկապես հասարակության վրա:
Հարությունյանը հիշում է, որ ադրբեջանական կողմը բազմիցս միջոցառումներ է անցկացրել, հույն լրագրողների մի քանի անգամ հրավիրել է Բաքու, ներկայացրել իրենց տեսարժան վայրերը, սակայն այդ այցելությունները որևէ արդյունք չեն ունեցել Ադրբեջանի համար, քանի նոր համագործակցությունը հասարակությունների մակարդակով չի սկսվել և մնացել է զուտ տնտեսական հարթության վրա: «Հույն և ադրբեջանցի հասարակությունների միջև որևէ ընդհանրություն չկա և այս գործարքը բացառապես տնտեսական նշանակություն ունի Հունաստանի համար»,- ասաց Հարությունյանը' հավելելով, որ Հունաստանի հայ համայնքն ուշադրությամբ հետևում է զարգացումներին:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ