Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի տարհանման հատուկ նշանակության գործողությունն իրականացվել է ոչ թե նոյեմբերի 21-ին, այլ ավելի վաղ: Այս մասին հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը: «Անդրադառնալով նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի անկման վայրում ՊԲ-ի կողմից իրականացված հատուկ նշանակության գործողության վերաբերյալ ԼՂՀ պաշտպանության նախարարության այսօր տարածած պաշտոնական հաղորդագրությանը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել կատարվածը հերքող պատասխան տեղեկատվությամբ, որում մասնավորապես ժխտում է,իր ներկայացմամբ՝ երեկ ունեցած սեփական կորուստների փաստը:

 

Ի գիտություն Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական քարոզչամեքենայի և նրան սպասարկող լրատվամիջոցների, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի տարհանման հատուկ նշանակության գործողությունն իրականացվել է ոչ թե երեկ, այլև այն օրը, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել առաջնային գծում կրած իր կորուստների վերաբերյալ, դրանք ներկայացնելով որպես հայ դիպուկահարների կողմից արձակված կրակոցների արդյունք: Հիշեցման կարգով հավելենք,որ նման բովանդակությամբ հաղորդագրություններից մեկը Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից մամուլում տարածվել է նոյեմբերի 20-ին: Դե ինչ, սա ադրբեջանական քարոզչությանը հատուկ մարտավարական հնարք է, որով հերթական անգամ փորձ է արվում պարտակել սեփական անճարակությունը»,-նշված է հայտարարության մեջ:

 

Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12­-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթա ցքում շարքից հանվելէ հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել: