Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «Երիտասարդական աշխատանք՝ հանուն խաղաղության» համահայկական ուսուցողական ծրագրի շրջանակում Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի (ՈՍՏԱՅՆ) ներկայացուցիչները Բուդապեշտում կազմակերպել են ֆլեշմոբ, որին մասնակցել է 60 երիտասարդ աշխարհի ավելի քան 25 երկրից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ից, երիտասար դները Եվրախորհրդի երիտասարդական կենտրոնի բակում ձեռք-ձեռքի տված կազմել են անմոռուկը' 100-րդ տարելիցի խորհրդանիշը: Նրանք բոլորը կրում էին «Ճանաչեք և դատապարտեք Հայոց ցեղասպանությունը» մակագրությամբ շապիկներ, որոնք թողարկվել են Ոստայնի և «ՅուՔոմ»-ի համագործակցության արդյունքում:

 

«Պատահական չէ ընտրված օրը: 1920թ. հենց նոյեմբերի 22-ին կայացվեց ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի' Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճիռը»,- իր խոսքում ասել է Ոստայնի նախագահ Ատոմ Մխիթարյանը:

 

Աշխարհով մեկ ցրված և այս անգամ Ոստայնի կանչով Բուդապեշտում հավաքված հայ երիտասարդները հաստատակամ էին, որ նոյեմբերի 22-ը պետք է դառնա ոտնահարված արդարության վերականգման, ազգային պահանջատիրության և հայ ժողովրդից խլված իրավունքների վերականգնման օրը:

 

Ֆլեշմոբին իրենց մասնակցությունն են բերել Եվրախորհրդի աջակցությամբ նոյեմբերի 17-ից մեկնարկած «Y-work for Peace» համահայկական երիտասարդական ծրագրի մասնակիցները, որոնց միացել են այլազգի երիտասարդներ:

 

Ոստայնը, որպես միջազգային ՀԿ, հիմնադրվել է 2006 թվականին և այսօր միավորում է հայկական 32 կազմակերպություն 18 երկրից: