ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից ստացված նյութերի հիման վրա, 2014թ. նոյեմբերի 24-ին հարուցվել է քրեական գործ՝ «Ղ. Տելեկոմ» ՓԲ ընկերության վաճառքի և բաժանորդների սպասարկման վարչության բաժանորդների սպասարկման և բողոքարկման բաժնի Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանի կողմից շուրջ 751 մլն դրամի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:

 

Քննության տվյալներով' Ա.Կույումջյանի կողմից 2010-2014թթ.ընթացքում յուրացման եղանակով հափշտակվել է իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 751.000.016 դրամ ընդհանուր արժողությամբ լիցքավորման քարտ:

 

Նկարագրված հանցագործությունը կատարելու կասկածանքով Աշոտ Կույումջյանը 2014թ. նոյեմբերի 24-ին ձերբակալվել է:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: