ԱՄՆ պետդեպարտամենտում տեղյակ են, որ ադրբեջանական կողմը թույլ չի տվել ԵԱՀԿ ներկայացուցչի մուտքը խոցված ուղղաթիռի անկման վայր: ԱՄՆ-ը ԵԱՀԿ ներկայացուցչին կդիմի' մանրամասներ ճշտելու, սակայն վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեֆ Ռաթկեն' նշելով, որ Միացյալ Նահանգները կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հակամարտող կողմերին վերաուղղորդել ջանքերը խաղաղ բանակցություններ անցկացնելու և հիմնախնդրի տևական կարգավորմանը հասնելու նպատակով:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ որևէ քայլ ձեռնարկում է խոցված ուղղաթիռի վայրում մոնիթորինգ իրականացնելը հնարավոր դարձնելու նպատակով, Ռաթկեն նշել է, որ իրենք հետեւել են ուղղաթիռի զոհված անձնակազմի անդամների մարմինները տարհանելու գործողությանը: «Այս միջադեպը և դրան հաջորդած բռնության դեպքերը հերթական անգամ ընդգծեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը գտնելու անհրաժեշտությունը: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են ավելա ցնել լարվածությունը շփման գծում»,- հայտարարել է Ռաթկեն: Նա ընդգծել է, որ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր' ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել կարգավորման գործընթացին:
Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, նաեւ այն, որ Արդրբեջանը դեմ էր գնում միջազգային հանրության կոչերին'ու չէր դարեցնում կրակը եւ թույլ չէր տալիս մարմինների տարհանումն ու տեղանքի մոնիտորինգը' ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել: