Թուրքիայի մշակույթի նախարար Օմեր Չելիքի արած հայտարարությունն այն մասին, թե Բրյուսելում գալիք տարվա ընթացքում կայանալիք «Եվրոպալիա» մշակույթի և արվեստի փառատոնին ներկա կլինեն լրագրողներ «Ակոս» թերթի թղթակից Քարին Քարաքաշլըն, հայազգի թուրք գրող Ժակլին Չելիքը և Թուրքիայում գործող հայ լրագրող Մարկար Եսայանը, պարզ վել է, որ սուտ է:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստամբուլի «Ակոս» պարբերականը կապվել է լրագրողներից յուրաքանչյուրի հետ, ովքեր նշել են, որ նախախարությունից պաշտոնական որևէ առաջարկ չեն ստացել:

 

Քարին Քարաքաշլըն ասել է, որ փառատոնի մասին տեղեկացել է միայն լուրերից և ապշել է, որ մասնակցելու է մի փառատոնի, որի մասին անգամ տեղյակ էլ չէ: Նա օդից առկախված էր անվանել փառատոնի ընթացքում հայկական արվեստի գործերը ցուցադրելու Չելիքի հայտարարությունը' նշելով. «Մի շրջանում, որտեղ պետք է շատ լուրջ քայլեր ձեռնարկվեն հայկական հարցի վերաբերյալ, անհնարին է, որ այսպիսի ցուցադրական նախաձեռնությունները հավատ ներշնչեն»:

 

«Դեռևս ինձ որևէ առաջարկ չի եկել, սական եթե պաշտոնական անձի կողմից նման հայտարարություն է հնչեցվել, նման առաջարկ պետք է որ գա: Դեռևս տեղյակ չեմ փառատոնի բովանդակությանը և բնույթն ամբողջությամբ չեմ ուսումնասիրել, հետևաբար չեմ կարող ասե'լ կմասնակցեմ, թե ոչ»,- ասել է Մարկար Եսայանը:

 

Ժակլին Չելիքը ևս հայտնել է, որ փառատոնին իր մասնակցության մասին իմացել է թերթերից: «Իհարկե, 2015 թվականը կրիտիկական տարի է, և ես տեղյակ եմ, որ նրանք այս հարցում փորձում են խաղ խաղալ: Այդ պատճառով անհրաժեշտ է նախ տեղեկանալ փառատոնի բովանդակության և որոշում կայացնելուց առաջ իմանալ, թե ինչպես են պատրաստվում այնտեղ ներկայացնել մշակույթը»,- նշել է Չելիքը:

 

Թուրքիայի մշակույթի նախարար Օմեր Չելիքը Բելգիայում հայտարարել էր, որ Թուրքիան ևս մասնակցելու է 2015 թվականի հոկտեմբեր-2016 թվականի հունվար ամիսներին Բրյուսելում անցկացվելիք «Եվրոպալիա» մշակույթի և արվեստի փառատոնին: Խոսելով իրենց ներկայացվածության մանրամասների մասին' Չելիքը հավելել էր, որ իրենք ներկայացնելու են նաև «Անատոլիայի մի մասը համարվող հայկական մշակույթը»: Նա նշել էր, որ ցուցադրվելու են վերանորոգված հայկական եկեղեցիների և հայ պալատական լուսանկարիչների արած նկարները: Նախարարի հավաստմամբ' ներկա պետք է գտնվեն վերոնշյալ հայ գործիչները: Տարօրինակ է, որ թուրք նախարարը իբրև մասնակից էր նշել նաև 1943 թվականին մահացած հայ արհեստավոր Բիմեն Շենին: