ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադարձավ այսօրվա նիստում Արդարադատության նախկին նախարար, այժմ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի այն դիտարկմանը, թե նախարարի ներկայացրած որոշման նախագծում կա անհամապատասխանություն կանոնադրության հետ, քանի որ որոշ փաստաթղթեր առկա չեն:

 

Հովհաննես Մանուկյանը դիտարկումը նորմալ համարեց:

 

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե տպավորություն է, որ նախարարի թերացումը Հրայր Թովմասյանը կառավարության նիստում ի հայտ բերեց, Հովհաննես Մանուկյանն ասաց. «Ես հասկանում եմ հարցերի պրովոկացիոն բնույթը, բայց բացարձակ այդտեղ բան մի փնտրեք»:

 

Հովհաննես Մանուկյանն անդրադարձավ նաև մամուլի այն հրապարակումներին, թե ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը որևէ մեկի հետ չի համագործակցում և ինքնուրույն է աշխատում: Նա նշեց՝ Արդարադատության նախարարությունում բոլոր ծառայություններն աշխատում են նորմալ, օրենքի շրջանակներում. «ԴԱՀԿ ղեկավարին պետք է բնութագրեմ, որպես շատ լավ աշխատողի, որովհետև այդ համակարգն աշխատում է հստակ, կարգապահ, իսկ այն դժգոհությունները, որոնք վերջին շրջանում կան, այդ դժգոհությունները հիմնականում թերի օրենսդրական կարգավորումների արդյունք են, ինչի ուղղությամբ մենք բարելավելու որոշակի փորձ ենք անում»: