ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում 2015-ին կստեղծվի համընդհանուր մոնիթորինգի կենտրոն, որը կբարձրացնի ծառայությունների որակը և կկրճատի հատուկ նշանակության խմբերի ժամանումը:

 

Բնակարանների և մեքենաների պահպանության համար կիրառվելու են տագնապային կոճակներ, որոնց համար արդեն հազար քաղաքացի պատվեր է ձևակերպել: «Արմենպրես» -ի փոխանցմամբ' այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետական պահպանության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Մինասյանը' ներկայացնելով 2014 թվականին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից իրականացված աշխատանքները:

 

ՊՊԳՎ-ի կողմից պահպանվում են իշխանության, պետական կառավարման, վարկային, ֆինանսավարկային համակարգի, հիդրոտեխնիկական և ջրամատակարարման կառույցների, էներգահամակարգի, հեռուստառադիոհաղորդակցության, պատմամշակութային, ընդերքաարդյունաբերության ձեռնարկություններ և գերատեսչություններ' ընդհանուր առմամբ, 3946 օբյեկտ:

 

«Հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ կտրուկ բարձրացել է ոստիկանության պահպանության ծառայության պահանջարկը, որի արդյունքում գրանցվել է պայամանագրերի, ինչպես նաև պայմանագրային գումարների աճ' մոտ 31.5 մլն դրամով»,- ասաց գնդապետը: Մինասյանի կարծիքով' այդ աճը պայմանավորված է ծառայության որակի բարձրացմամբ:

 

Վարչության կազմում գործում է անձի անվտանգության և գույքի պահպանության բաժինը, որն իրականացնում է 77 օբյեկտի պահպանություն, որն իննով ավելի է նախորդ տարվա համեմատ: Պատվիրատուի ցանկությամբ' թիկնապահական ծառայությունը կարող է մատուցվել քաղաքացիակական հագուստով կամ ոստիկականական հագուստով, ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ ՀՀ-ից դուրս:

 

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից մատուցվող բոլոր ծառայություններն ամրագրված են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով, որոնց համար սահմանվել են հատուկ սակագներ:

 

Օրինակ' կայուն պահակետում մեկ ոստիկանի կատարած ծառայությունն արժի 166 630 դրամ: Բնակարանների պահպանությունը մինչև 120 մետր քառակուսի տարածքի համար կազմում է 5-1500 դրամ ամսական, մինչև 500 մետր քառակուսի մակերես ունեցող առանձնատների պահպանության գինը նվազագույնը ում է 50 000 դրամ է: