Եվրասիական տնտեսական միության տարածքում միասնական արժույթի անցում այս պահին նախատեսված չէ: Այս մասին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանի հարցին: «Այս պահին միասնական արժույթի անցնելու մասին հարց չկա: Այդ հարցը բանակցությունների ընթացքում չի քննարկվել»,- «Արմենպրես»-ի հաղորդամբ՝ նշեց Կարայանը:
Նա տեղեկացրեց, որ միության անդամ երկրները այդ հարցը, ինչպես նաև շատ այլ հարցեր թողել են, որպեսզի քննարկեն 2020թ. հետո:
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը ավարտեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումը: ԱԺ պետաիրավական հարցերի և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովները ԱԺ լիագումար նիստում պայմանագրի քննարկման ժամանակ հանդես կգան հարակից զեկուցմամբ: Գլխադասային հանձնաժողովը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն է, որն արդեն դրական եզրակացությամբ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրն ընդգրկել է ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ: Նախատեսվում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցութ յան պայմանագիրը խորհրդարանում կքննարկվի առաջիկա քառօրյայի ընթացքում:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մինչև լիագումար նիստում հարցի քննարկումը, պետք է առանձնի քննարկում կազմակերպի հանձնաժողովում: Քննարկման օրն ու ժամը դեռևս հայտնի չէ: