Արցախի մայրաքաղաքում մեկնարկել է Կրթության զարգացման նոր ծրագրի՝ «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը» թեմայով համաժողովը, որի նպատակն է Արցախի ուսումնական հաստատությունների ղեկավարներին, ուսանողներին ներկայացնել ծրագրի նպատակներն ու անելիքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Karabakh-open-ը, բացման խոսքում ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանը շեշտել է, որ քննարկվելիքը կարեւոր թեմա է, քանի որ կրթության ոլորտը պետության ուշադրության կենտրոնում է:
«Այն, ինչ սկսել ենք, պետք է ավարտին հասցնենք գոհացուցիչ արդյունքով։ Կրթական համակարգը պահպանողական համակարգ է, արագ փոփոխություններ չի սիրում։ Այժմ մենք միացել ենք Եվրոպական Բոլոնյան համակարգին եւ պետք է նշենք, որ թերությունների հետ կան նաեւ հաջողություններ: Չենք կարող ասել, որ կա կատարյալ կրթական համակարգ»,- ընգծել է նախարարը:
«ԱՅԲ» կրթական համակարգի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահի կրթության գծով խորհրդական Տեր-Մեսրոպ քահանա Արամյանը, ներկայացնելով ծրագիրը, շեշտել է, որ Հայաստանը պետք է իր ուշադրությունը սեւեռի մարդկային ռեսուրսի զարգացման վրա. «Այն ինչ փորձելու ենք անել, ավելի շուտ առաքելություն է: Նպատակն է որակապես եւ էապես բարձրացնել հանրակրթության որակը Հայաստանում, այն մոտեցնել աշխարհում գործող չափանիշներին միաժամանակ պահպանելով ազգային արժեքների հիմքի վրա»:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւ «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի եւ Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, նախաձեռնել են «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը»: Ծրագրի նպատակն է' կարեւորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն եւ ձևավորել մրցունակ, առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների համայնք։