Դակարում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XV-րդ գագաթաժողովն ընդունել է Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձևը, որտեղ Հայաստանի առաջարկությամբ ամրագրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցությունը' ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XV-րդ գագաթաժողովի եզրափակիչ բանաձևում ասված է.

 

«Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների հիման վրա՝ մասնավորապես՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա»: