Մեկնարկել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հայտարարած կրթության որակի ապահովման շաբաթը: Միջոցառումների մեկնարկը տրվել է դեկտեմբերի 1-ին, ՀՊՏՀ-ում «Տեմպուս»-ի «Արարատ» ծրագրի ներկայացմամբ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՈԱԱԿ հասարակության հետ կապերի բաժնից, ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, շեշտել է, որ ծրագիրը կարևոր գաղափար է հետապնդում, եւ բուհ-գործատու կապի ստեղծմամբ հնարավոր կլինի հստակեցնել, թե ինչ հմտություններով մասնագետի կարիք ունի աշխատաշուկան, և բուհն ու դասախոսն ինչ գիտելիքներ պետք է փոխանցեն ուսանողին, որպեսզի ունենանք պահանջված մասնագետ:

 

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ շեշտեց, որ մասնագիտական հմտությունների հարցում պետք է հաշվի առնել ոչ միայն խոշոր գործատուների , այլ անգամ փոքր ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կարծիքները: Նրա ներկայացմամբ' գործատուները հարցաշարեր են լրացրել, ըստ որի, գործատուների հիմնական պահանջն է հստակ տարանջատել բակալավրիատի ու մագիստրատուրայի կրթական ծրագրերը:

 

Կրթության որակի ապահովման շաբաթվա շրջանակներում դեկտեմբերի 2-ին տեղի կունենա ALIGN, ARMENQA, TNE_QA ծրագրերի ձեռքբերումների և մարտահրավերների քննարկումը: Միջոցառման ժամանակ տեղացի և միջազգային գործընկերները կանդրադառնան որակավորումների նոր շրջանակին և դրա համապատասխանությունը մասնագիտության կրթական ծրագրերի վերջնարդյունքներին:

 

Դեկտեմբերի 3-ին կամփոփվեն «ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում» թեմայով եռափուլ վերապատրաստումների արդյունքները: Իսկ դեկտեմբերի 4-5-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի կունենա «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» շահակիցների երրորդ համաժողովը: