Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայից հնչող ազդակները գալիս են ապացուցելու, որ Թուրքիան շարունակում է ժխտողականության քաղաքականությունը: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Դրա վկայությունն է Թուրքիայի արտգործնախարար Մեւ լութ Չավուշօղլուի վերջերս արված հայտարարությունը, համաձայն որի՝ Թուրքիան խոչընդոտելու է Ցեղասպանության ճանաչման գործընթացը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Շարմազանովի հավաստմամբ՝ չնայած Անկարայի գործադրած ջանքերին՝ այնուհանդերձ կան եւ կլինեն երկրներ, որոնք մարդու իրավունքների պաշտպանության իրական ջատագովներ են: Վառ ապացույցը Բոլիվիան է, որի խորհրդարանի զույգ պալատների կողմից նախօրեին միաձայն դատապարտվեց Հայոց ցեղասպանությունը եւ այն ժխտող քաղաքականությունը:
ԱԺ փոխնախագահը համոզվմունք հայտնեց, որ մարդկության դեմ իրագործված ոճիրները պետք է դատապարտվեն, քանի որ ժխտողականությանը միտված ցանկացած գործողություն նույնքան հանցավոր է, որքան ոճրագործությունը: