Ալավերդի քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է ավազակային հարձակմանը մասնակցած երրորդ անձի ինքնությունը, ով հայտնաբերվել է և ներգրավվել որպես մեղադրյալ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գործը վերաբերում է 2014 թ. նոյեմբերի 19-ին Ալավերդի քաղաքի բնակիչ Գարեգին Հախինյանի գրավոր հաղորդմանը, ըստ որի' նույն օրը, ժամը 16:30-ի սահմաններում, դիմակավորված և զինված երեք անձինք ապօրինի մուտք են գործել իր կնոջ' անհատ ձեռնարկատեր Գայանե Գրիգորյանին պատկանող, Ալավերդի քաղաքի Թումանյան 51/1 հասցեում գործող խանութ և զենքի գործադրմամբ աշխատակիցների նկատմամբ կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ տալով՝ հափշտակել են ոսկյա զարդեր ու դիմել փախուստի:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նկատի ունենալով քրեական գործի բարդությունը և ծավալը, ինչպես նաև այն, որ անհրաժեշտ էր' միաժամանակ կատարվեին մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ' Լոռու մարզային քննչական վարչության պետի կողմից նույն վարչության և Թումանյանի բաժնի քննիչներից 2014 թվականի նոյեմբերի 20-ին կազմվել է քննչական խումբ, իսկ խմբի ղեկավար է նշանակվել վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը:
Կատարված քննչական գործողություններով և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2014 թվականի նոյեմբերի 19-ին' ժամը 16:30-ի սահմա ններում, դիմակավորված և զինված երեք անձ ավազակություն կատարելու նպատակով ապօրինի մուտք է գործել անհատ ձեռնարկատեր Գ.Գրիգորյանին պատկանող խանութ և զենքի գործադրմամբ խանութում գտնվող երեք աշխատակիցների նկատմամբ կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ տալով' հափշտակել ոսկյա զարդեր:
Հանդիպելով վաճառողուհիների դիմադրությանը՝ վերջիններիս կողմից անվտանգության ահազանգման համակարգը միացնելուց հետո, ավազակային հարձակում կատարած անձինք, վերցնելով հափշտակված ոսկյա զարդերը, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի։
Քննության շրջանակներում պարզվել է նաև, որ առերևույթ հանցագործություն կատարած անձինք ավտոմեքենայով բախվել են Ալավերդի քաղաքի բնակիչ Սարգսյանի վարած «Գազ 2410» մակնիշի ավտոմեքենային ու փորձել թաքնվել։
Կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայատվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը և կատարված հանցագործությունից ժամեր անց Ալավերդի քաղաքի «Լենհանքեր» թաղամասի ճանապարհից երկու հոգին հայտնաբերվել և նույն օրը՝ ժամը 23:45-ին, բերման են ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին:
Վանաձորի բնակիչ Հ.Մարգարյանը և Երևանի բնակիչ Ա.Մարտիրոսյանը նոյեմբերի 20-ին ձերբակալվել են' ավազակություն կատարելու կասկածանքով։ Միաժամանակ, նրանց բերման ենթարկելուց անմիջապես հետո, տեղանքի զննությամբ, ավազակություն կատարելու մեջ կասկածվող անձանց հայտնաբերման վայրից հայտնաբերվել և առգրավվել են հափշտակված ոսկյա զարդերը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում' 2014 թվականի նոյեմբերի 20-ին, «Ջիլիզա» անտառտնտեսության տարածքից հայտնաբերվել է ավազակություն կատարած անձանց «Նիսսան Սքայլայն» մակնիշի ավտոմեքենան, որի առջևի հաշվառման համարանիշը, աննկատ մնալու նպատակով, քողարկված է եղել փայտիկներով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Մարտիրոսյանին և Հ.Մարգարյանին 2014 թվականի նոյեմբերի 22-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով։ Վերջիններս հրաժարվել են ցուցմունքներ տալուց: Նույն օրը նրանց նկատմամբ, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Քրեական գործի հետագա նախաքննության ընթացքում օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ պարզվել է նաև երրորդ մասնակցի ինքնությունը և որ նա հանդիսանում է Սերիկ Հովհաննիսյանը:
2014 թվականի դեկտեմբերի 01-ին Սերիկ Հովհաննիսյանը հայտնաբերվել և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: