ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, սիրիահայերին առնչվող խնդիրների և ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացված աշխատանքների մասին զեկո ւցումով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը:

 

Նա ներկայացրեց նախարարության ձեռնարկած միջոցառումները և դրա հետ կապված որոշակի խնդիրներ և նշվեց, որ 2012թ-ից սկսած սիրիահայերին առնչվող շուրջ երկու տասնյակ իրավական ակտեր են ընդունվել:

 

Հանդիպման ընթացքում հատկապես կարևորվեց պետական տուրքի մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը և դրա հիման վրա պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշումը, որով պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնց մշտական բնակության պետությունում ստեղծվել է իրենց կյանքին և առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ: Կարևորվեց մաքսային օրենսգրքում ժամանակավոր մաքսային ռեժիմի արտոնությունների սահմանման հարցը: Ներկայացվեց նաև քաղաքացիական ակտերի գրանցման գործում նոր լուծումներ գտնելու հարցը:

 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հատկապես կարևորեց սիրիահայերի ծննդյան վկայականների բացակայության դեպքում քաղաքացիություն ստանալու պարզեցմանը միտված մի շարք փոփոխությունները, ինչպես նաև առաջարկեց սիրիահայերի համար խորհրդատվական գրքույկներ հրատարակել դասական ուղղագրությամբ:

 

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի արտաքին տնտեսական գործունեության մոնիթորինգի և վիճակագրության վարչության պետ Կարեն Բեգլարյանը ներկայացրեց Սիրիայի, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում գտնվող այլ երկրների հայերի' Հայաստանում հարկային և մաքսային ոլորտներին առնչվող հարցեր: Նշվեց, որ կառավարության որոշումներով սիրիահայերի կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները ազատվում են մաքսային վճարներից:

 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ նույն մոտեցումը պետք է ցուցաբերել Ուկրաինայից ժամանած մեր հայրենակիցների համար:

 

«ՍԵյվ դը Չիլդրենե հասարակական կազմակերպության «Փախստականների ներուժի զարգացում և կենսամակարդակի բարելավումե ծրագրի համակարգող Թամարա Բարբակաձեն ներկայացրեց սիրիահայերի աջակցության ուղղությամբ իրականացված և նախատեսված ծրագրերը: Նա նշեց, որ կազմակերպությունը ներկայումս իրականացնում է Սիրիայից Հայաստան ժամանած փախստականների ինտեգրմանն ապահովելուն միտված ծրագիր: Նա նշեց, որ նոր ծրագիրը, որը սկսվել է 2014 թվականի սեպտեմբերից շարունակվելու է մինչև 2015 թվականի վերջը:

 

Միավորված մեթոդիստների օգնության կոմիտեի (UMCOR) ծրագրերի ղեկավար Անահիտ Գասպարյանը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք իրականացվում են առողջապահության, գյուղատնտեսության բնագավառներում, ինչպես նաև համայնքային զարգացման ոլորտում: Կազմակերպությունը սիրահայերին տրամադրել է մանկական հագուստներ, դպրոցական պարագաներ: Կազմակերպվում են հայերեն լեզվի դասընթացներ, ինչպես նաև հոգեբանական աջակցություն:

 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորելով սիրիահայերի ինտեգրման գործը' ընդգծեց բնակարանային ու բնակվարձերի, աշխատանքով ապահովման, ինչպես նաև առողջապահական խնդիրների լուծման կարևորությունը: