Միջազգային Trancparency International կազմակերպությունը հրապարակել է 2014 թվականի «Կոռուպցիայի ընկալման ինդեքս»-ը, որտեղ 174 եկրների շարքում Հայաստանը հայտնվել է 94–րդ հորիզոնականում' հավաքելով 37 բալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մեր երկիրը բարելավել է իր դիրքերը նախորդ տարվա ինդեքսի համեմատ:
Ի տարբերություն Հայաստանի' Թուրքիան զբաղեցրել է 64–րդ հորիզոնականը, սակայն նահանջել է 5 բալով: Ադրբեջանը նախորդ տարվա նման այս տարի ևս ստորին հորիզոնականներում է գտնվում: Այն հավաքել է 29 բալ և տեղավորվել 126-րդ հորիզոնականում: Վրաստանը 52 բալով 50–րդն է, իսկ Ռուսաստանը' 27 բալով 136–րդը:
Կազմակերպությունը նշել է, որ Չինաստանը, Թուրքիան, Ռուանդան և Անգոլան վատագույն փոփոխություն գրանցած պետությունների շարքում են հայտնվել:
«Կոռուպցիայի ընկալման ինդեքս»-ի համաձայն ամենաքիչ կոռումպացված երկրներն են Դանիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Շվեդիան և Նորվեգիան: Ամենակոռումպացված պետություններն են' Հարավային Սուդանը, Աֆղանստանը, Սուդանը, Հյուսիսային Կորեան և Սոմալին:
Ինդեքսում երկրները գնահատվում են հարյուրբալանոց համակարգով, որտեղ առավելագույն 100 բալը գնահատվում է իբրև «կաշառակերությունից զուրկ», իսկ 0-ն' «շատ կոռումպացված»: