Հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրը կազմակերպված միջոցառումների համատեքստում հանրությանն է ներկայացվել Երևանի կենդանաբանական այգում հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված ճոճանակը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ու քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը: Նախաձեռնության իրականացմանը մասնակցել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը, ինչպես նաև «Երևան ինթերնեշնլ Ռոտարի ակումբի» և գործընկեր կառույցների անդամներ:

 

Ողջունելով ներկաներին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշել է, որ կենդանաբանական այգու արդիականացման աշխատանքների շրջանակում շատ կարևոր է այգին նաև հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար ծառայեցնելը, ուստի, սա առաջին նմանատիպ նախաձեռնությունն է, որը կունենա շարունակություն:

 

Արամ Սուքիասյանը վստահեցրել է, որ հաշմանդամների խնդիրները մշտապես քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում են և, հատկապես վերջին տարիներին նոր թափ են ստացել ոլորտում առկա հարցերի լուծմանը նպաստող ծրագրերը:

 

Քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանն իր հերթին այս գաղափարի իրականացումը դիտարկել է որպես «Մատչելի Երևան» ծրագրի բաղադրիչ՝ նշելով, որ քաղաքապետարանի գործելաոճի հիմքում մայրաքաղաքը նաև հաշմանդամների համար մատչելի դարձնելն է:

 

Կենդանաբանական այգում ճոճանակի տեղադրումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ այցելուների թվում քիչ չեն ՀՀ մարզերից ժամանած հատուկ կարիքներով երեխաները, ովքեր ևս կկարողանան օգտվել մանկական խաղերից: Նմանատիպ միջոցառում է կայացել նաև Աջափնյակ վարչական շրջանի' Հանրապետական հիվանդանոցի հարևանությամբ գտնվող մանկական այգում, որին ներկա է գտնվել նաև Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը: Այս դեպքում Երևանի քաղաքապետարանին ծրագրի իրականացման հարցում աջակցել է «Երևան ինթերնեշնլ Ռոտարի ակումբը»:

 

Նույն կազմակերպության օժանդակությամբ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի' «Առագաստ» սրճարանին հարակից պուրակում ևս տեղադրվել է հատուկ ճոճանակ: Խաղահրապարակների ընտրության հարցում հաշվի են առնվել հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների առաջարկությունները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ դեկտեմբերին կշարունակվեն մայրաքաղաքում հաշմանդամների կարիքների լուծմանն ուղղված միջոցառումները: