Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, ով ժամանակին եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովներից, այս տարի չի ստորագրել Իսրայելի իշխանությունների կողմից հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն ճանաչելու մասին ամենամյա դիմում-պահանջագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով The Times of Israel պարբերականը, լուրը պաշտոնապես հաստատել են Իսրայելի նախագահի նստավայրից:

 

Նախագահի որոշումն անակնկալի է բերել արշավի պատասխանատուներին: Իսրայելական 10 News հեռուստաալիքը նշել է. «Ըստ երևույթին, Ռիվլինի մտավախությունն ավելի մեծ վնաս չպատճառելն է առանց այն էլ խաթարված թուրք-իսրայելական հարաբերություններին»:

 

Երկու երկրների միջև հարաբերությունները կտրուկ սրվել են 2010 թվականից ի վեր, երբ ինը թուրք քաղաքացիներ սպանվեցին Գազա «մարդասիրական» օգնություն փոխադրող «Ազատության նավատորմի» կազմում թուրքական «Mavi Marmara» նավն իսրայելցի զինվորների կողմից գրավումից հետո:

 

Տարիներ շարունակ Իսրայելը խուսափել է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը' Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները չվնասելու մտավախությամբ: Մինչև Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության գալը Թուրքիան եղել է Իսրայելի մերձավոր դաշնակիցը մուսուլմանական աշխարհում:

 

Նախկինում Ռիվլինը բազմաթիվ առիթներով իսրայելցի օրենսդիրներին խրախուսել է հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականացված դիսկուրսից: «Ես տեղյակ եմ, թե որքան զգայուն թեմա է սա, սակայն չեմ մեղադրում ժամանակակից Թուրքիային»,- անցյալ տարի Քնեսեթում ասել է Ռիվլինը:

 

«Համոզված եմ' Թուրքիան կդաշնակցի: Կարծում եմ' պետք է լուծում գտնել այս ճգնաժամի համար, սակայն աներևակայելի բան է, որ Քնեսեթն անտեսի այս ողբերգությունը: Մենք հանրությունից պահանջում ենք չժխտել Հոլոքոստը, և չենք կարող անտեսել մեկ այլ ազգի ողբերգությունը»,- ասել է նա:

 

Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923 թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային բռնագաղթը և կոտորածները ծրագրվեցին և կազմակերպվեցին երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվեցին քեմալական կառավարության կողմից:
Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի' 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հա յ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

 

ԱՄՆ նախագահներ Բարաք Օբաման, Ջորջ Բուշը, Ջիմի Քարտերը այն նախագահներն են, որ այդպես էլ չկատարեցին իրենց նախընտրական խոստումը և իրենց ուղերձում 1915-1923թթ. Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված իրադարձությունները չանվանեցին ցեղասպանություն: