Ադրբեջանն այլևս չի կարող հայտարարել, թե Արցախում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտները հասարակ մարդիկ էին, ովքեր հատել էին սահմանը իբր իրենց հրազատների շիրիմներին այցելելու համար: Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւն արդեն մերկացրեց իր երկրի սուտ լեգենդը' նոր բնակարաններ հատկացնելով ձերբակալված դիվերսանտներ Դիլգամ Ասքերովի, Շահբազ Գուլիեւի եւ դիվերսիոն գործողության ժամանակ մահացած Հասան Հասանովի ընտանիքնե րին:
Հարց է առաջանում' ո՞ր հերոսության համար են նրանք արժանանում պարգեւի. դժվար թե Ադրբեջանի ղեկավարությունը որոշեր պարգեւատրել իր հորինած լեգենդի «խեղճ» ու «հասարակ» մարդկանց: Ակնհայտ է, որ նրանք պարգեւի են արժանանում ադրբեջանական իշխանությունների հրամանը կատարելու, Արցախի սահմանները հատելու, անչափահաս հայ հովվին սպանելու համար: Հոգ չէ, որ այդ հրամանի կատարումը նրանք տապալել են. Ադրբեջանն իր հասարակության ներսում հերոսների աղճատված կերպարներ է ձեւավորում' կացնով մարդասպան, չհաջողված դիվերսանտ…
Ադրբեջանական կայքերը նշում են, որ Ալիեւի հանձնարարության մասին Մինգեչաուրում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների եւ հարկադիր վերաբնակների գծով Պետկոմիտեի ղեկավար Ալի Հասանովը:
Դիվերսանտների նկատմամբ' ԼՂՀ դատարանի կողմից դատավճռի հրապարակման նախաշեմին Ադրբեջանի նախագահի այդ քայլից հետո չի բացառվում, որ նրա հաջորդ քայլերից մեկը կհանդիսանա ազգային տականք Ռամիլ Սաֆարովի օրինակով վերջիններիս «հերոսացումը»:
Դժվար թե Ասքերովի, Գուլիեւի, Հասանովի ու նրանց նմանների անձնական ճակատագիրն է անհանգստացնում Բաքվի վարչակարգին:
Ալիեւի համար, հատկապես օգոստոսի սկզբին ռազմական ամոթի եւ նոյեմբերին Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի մարմինները հատուկ ռազմական գործողությամբ գերությունից ազատագրման ֆոնին այլ բան է կարեւոր. ցանկացած միջոցներով հերթական սրտաճմլիկ շոու սարքել այն մասին, թե ինչքան սրտառուչ է իշխանությունը հոգ տանում հայկական կողմում հայտնված սեփական քաղաքացիների մասին: Ազգային տականք Սաֆարովի հետգնման եւ ներում շնորհել ու երկրորդ ամյակի մոտենալու լույսի ներքո նման շոուն Ալիեւի համար չափազանց գայթակղիչ է երեւում:
Հունիսի 29-ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը (ծնված 1968թ.) եւ ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործել Շահումյանի շրջանի վարչական տարածք, հատուկ առաջադրանքով հավաքագրել տեղեկություններ' դրանով իսկ կատարելով լրտեսություն:
Հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումենե կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ առեւանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին (ծնված 28.04.1997թ., բն. էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում), ում դիակը հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:
Կազմակերպված հանցավոր խմբի անդամներից մեկը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երեւան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ եւ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում' վնասազերծվել:
Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը եւ Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը ձերբակալվել ու կալանավորվել են:
Կամո Բաղդասարյան