ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրավերով այսօր ԿԳ նախարարություն է այցելել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՆ-ից, Վեհափառ Հայրապետն օրհնել և զրուցել է կրթության նախարարության աշխատակիցների հետ, ապա հանդիպել ղեկավար անձնակազմի հետ:
Ողջունելով Ամենայն հայոց հայրապետին՝ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Վեհափառին այցի համար՝ շեշտելով, որ կրթության ոլորտի և նախարարության համար այս օրը պատմական է:
«Մենք քանիցս տարբեր միջոցառումների շրջանակում պատիվ ենք ունեցել հյուրընկալվել Մայր Աթոռում՝ փաստելով Եկեղեցու և կրթության համակարգի սերտ կապերը: Ձեր այցը իրադարձություն է ոչ միայն կրթության և գիտության նախարարության, այլև պետական կառավարման համակարգի համար»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ Վեհափառի այցը վերաբերմունքի ընդգծված դրսևորում է կրթության և գիտության ոլորտի նկատմամբ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում անդրադարձ կատարելով Հայ Առաքելական եկեղեցու և կրթության ոլորտի պատմական համագործակցությանը՝ նշել Õ §, որ կրթությունը, սկսած դեռևս մաշտոցյան ժամանակներից ու հայոց գրերի գյուտից, եղել է Հայ Առաքելական Եկեղեցու կարևոր առաքելություններից մեկը: Վեհափառն իր գնահատանքի խոսքն է հղել անձնապես նախարարին ու ԿԳՆ աշխատակզմին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ծրագրերին ցուցաբերվող ուշադրության և աջակցության համար:
«Շարունակեք ձեր ազգանվեր գործունեությունը և գործադրեք ամենայն ջանք, որ ձեր ծանր ու պատասխանտու աշխատանքը լինի արգասաբեր ու պտղաբեր, որպեսզի մեր երկիրը զորանա և շենանա՝ ձեր աշխատանքի արդյունքում»,- նշել է նա:
Վեհափառը նաև հավելել է, որ ՀՀ անկախության առաջին տարիներից սկսած, հիմք ընդունելով երկրի Սահմանադրությունն ու կրթության մասին օրենսդրությունը, Եկեղեցու և կրթության համակարգի միջև ձևավորվել է սերտ և գնահատարժան համագործակցություն: Իբրև համագործակցության կոնկրետ դրսևորումներ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը, ԵՊՀ-ում Աստվածաբանության ֆակուլտետի հիմնադրումը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի ճանաչումն իբրև բարձրագույն ուսումնական հաստատություն, Հայորդյաց տների գործունեությունը Մայր եկեղեցուն վստահելու իրողությունը:
Վեհափառն ընդգծել է նաև, որ կրթության ոլորտի ձեռքբերումներն այսօր ակնհայտ են՝ մասնավորապես շեշտելով միջազգային օլիմպիադաներում հայ դպրոցականների արձանագրած հաջողությունները: Հանդիպման ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջարկ է ներկայացրել նախարարին, որով Մայթ Աթոռի կողմից կսահմանվի կրթաթոշակ՝ բարձր առաջադիմությամբ սոցիալապես անապահով ուսանողների համար:
Այնուհետև պատասխանելով ներկաների հարցերին՝ Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձել է վերջերս տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին, կրթություն-եկեղեցի համագործակցության հանրային արձագանքներին և Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Մայր եկեղեցու կողմից ծրագրվող միջոցառումներին:
Վեհափառի խոսքով' կրթության համակարգի և Հայ Եկեղեցու համագործակցությունը հանրությունը հիմնականում դրական է ընկալում, իսկ ինչ վերաբերում է որոշ խմբերի ու անձանց կողմից հնչեցված քննադատությանը, ապա, ըստ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, դրանք հիմնականում երկրի օրենսդրության չիմացության և մեր ժողովրդի պատմության հետ աղերս չունենալու հետևանք են:
«1700 տարի Հայ եկեղեցին եղել է կրթության գործի կազմակերպիչներից մեկը, և այսօր մենք չենք կարող առնչություն չունենալ կրթության կազմակերպման և հոգևոր մշակութային ա րժեքների փոխանցման գործին»,- նշել է Գարեգին Բ Կաթողիկոսը: Ներկաներից մեկը հարց է ուղղել կաթողիկոսին եպիսկոպոսաց վերջին ժողովում քննարկված հարցերի վերաբերյալ:
Վեհափառ Հայրապետը տեղեկացրել է, որ եպիսկոպոսաց այս ժողովն ունեցել է բացառիկ նշանակություն. ժողովին մասնավոր քննության առարկա է դարձել Հայ Եկեղեցում սրբադասման կանոնի վերականգնումը: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը ներկաներին տեղեկացրեց նաև 2015 թվականի ապրիլի 23-ին տեղի ունենալիք' Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասման մասին:
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև Մայր Աթոռ-ԿԳ նախարարություն համագործակցության զարգացման հեռանկարներին: