Սրտամկանի և ուղեղի կաթված ստանալու հավանականությունը ձմռան ամիսներին ավելանում է 26-30 տոկոսով։ Լրագրողների հետ դեկտեմբերի 6-ին կայացած հանդիպմանը հայտնեց «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սիրտ-թոքային կլինիկայի ղեկավար Մարինե Օրդյանը։

 

«Սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց ձմռան ամիսներին խորհուրդ է տրվում տնից դուրս գալու դեպքում գլխարկ կրել, ոտքերը տաք պահել, իսկ սրտի իշիմիկ հիվանդությամբ տառապողներին խորհուրդ է տրվում դրսում բերանը շարֆով փակել, որպեսզի սառը օդը չներթափանցի օրգանիզմ, ինչը կարող է հանգեցնել անոթների սպազմի, զարկերակային ճնշման բարձրացմանը, որն էլ կարող է մեծացնել սրտի և ուղեղի կաթվածի հավանականությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա։

 

Սրտաբանը նշեց, որ սրտանոթային հիվանդությունները վերջին 20-30 տարիներին բավական երիտասարդացել են։ «Նյարդահոգեբանական ծանրաբեռնվածությունները վերջին տարիներին խիստ ավելացել են հատկապես երիտասարդների շրջանում։

 

Մենք ամբողջ օրը մեծ քանակությամբ բացասական տեղեկատվություն ենք ստանում, ինչը չի կարող անհետևանք մնալ մեր առողջության համար»,-ասաց Մարինե Օրդյանը և հավելեց, որ վերը նշված պատճառների հետևանքով արյան մեջ ավելանում է ադրենալինի քանակը, որը հանգեցնում է նաև զարկերակային ճնշման բարձրացմանը, սրտխփոցների ավելացմանը։ Նա ասաց նաև, որ ծխախոտի օգտագործումը և ալկոհոլային խմիչքի չարաշահումը ավելի է հեշտացնում խոլեստերինի բշտիկների առաջացմանը, որը նույնպես ազդում մարդու սրտանոթային համակարգի վրա։

 

 

Փորձագետը խորհուրդ տվեց բոլորին չզլանալ և տարին մեկ անգամ անցկացնել պրոֆիլակտիկ հետազոտություն։ «Մեր՝ հայերիս մոտ, կա այսպիսի տխուր սովորություն, մինչև «դանակը ոսկորին չի հասնում», չենք դիմում բժիշկի օգնությանը։ Սակայն ես հորդորում եմ, որ մարդիկ ուշադիր լինեն իրենց առողջությ ան նկատմամբ, որովհետև, ինչքան շուտ ախտորոշվի սրտանոթային հիվանդությունը, այնքան ավելի քիչ կլինեն անցանկալի հետևանքները»,- ասաց նա և հավելեց, որ սրտանոթայ ին հիվանդությունները կրում են խրոնիկ բնույթ և պահանջում են բժշկական մշտական վերահսկողություն և պարտադիր դեղորայքային բուժում։

 

Բանախոսը նկատեց, որ Հայաստանում սրտաբանությունը մեծ առաջընթաց է գրանցել վերջին տարիներին։ «Մեր սրտաբանները, սրտի վիրաբույժները անընդհատ անցնում են վերապատրաստման դասընթացներ արտերկրում, քիչ չեն հենց արտերկրի բժշկական հաստատություններում ուսում ստացած սրտաբանները, այնպես որ' մեր սրտաբանների և սրտի վիրաբույժների պրոֆեսիոնալ ունակությունները որևէ կասկած չեն հարուցում»,- հավելեց սրտաբանը։

 

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում մահացությունների 30 տոկոսը բաժին է ընկնում սրտանոթային հիվանդություններին և այդ թիվը տարեցտարի պակասելու միտում չունի։ Վերը նշված սրտանոթային մահացությունների 80 տոկոսը բաժին է ընկնում մ իջին և միջինից ցածր կենսամակարդակ ունեցող երկրների վրա։