Թուրքիայում զինծառայությունից ազատելու վճարովի համակարգը կշարունակի գործել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով TRTHaber-ը, երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավուօղլուն:
«Զինծառայությունից ազատվելու վճարովի համակարգը Թուրքիայում կշարունակի գործել 2015 թվականի հունվարից», -ասել է Դավութօղլուն:
Նրա խոսքով' այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են օգտվել զինծառայությունից վճարովի ազատման համակարգից, պետք է վճարեն 18 հազար լիրա (մոտ 8 հազար ԱՄՆ դոլար):
Հոկտեմբերին Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայում զինծառայությունից վճարովի ազատելու համակարգը պետք է վերացվի: «Զինծառայությունից վճարովի ազատման համակարգն արդարացի չէ: Երկրի կառավարությունը քաղաքացիներին չի բաժանում իրենց եկամուտներով», -ասել էր նա:
Թուրքիայում զինծառայությունից վճարովի ազատելու համակարգը գործում է 2011 թվականից: Այդ համակարգից կարող են օգտվել 28 տարեկանից բարձր այն քաղաքացիները, ովքեր սովորում կամ աշխատում են արտասահմանում. նրանց թիվը մոտ 662 հազար է:
Թուրքիայում զորակոչի տարիքը 20 տարեկանն է: Պարտադիր զինծառայության ժամկետ է սահմանված 6-ից 12 ամիսը: Զինված ուժերից զորացրվելուց հետո քաղաքացին համարվում է զինապարտ եւ գտնվում է պահեստում մինչեւ 45 տարեկանը: Պատերազմի ժամանակ Թուրքիայում բանակ կարող են կանչվել 16-ից մինչեւ 60 տարեկան տղամարդիկ եւ 20-ից մինչեւ 46 տարեկան կանայք, որոնք ունակ են զենք բռնել: