Ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Հայաստանի համար եւ հայկական կողմը պետք է փոխի մարտավարությունն ու սկսի հարաբերությունները ջերմացնել նաեւ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ: Տեսակետը քաղաքագետ Լեւոն Շիրինյանինն է: Նա վստահ է, որ պատմությունը կրկնվելու հավանականություն ունի եւ ինչպես 1920թ. այնպես էլ հիմա Հայաստանը կարող է Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների մերձեցումից տուժել: «Վնասները կարող են լինել թե քաղաքական, թե ռազմական, թե տնտեսական ոլորտներում»,- դեկտեմբերի 9-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց Շիրինյանը:

 

Խնդիրներին զուգահեռ, Շիրինյանը չի բացառում նաեւ այն փաստը, որ Թուրքիայի' Արեւելքի եւ Ռուսաստանի հետ մերձենալը միանշանակ չի ընկալվի ԱՄՆ-ում: «Ես չեմ բացառում, որ եթե ռուս-թուրքական հարաբերությունները շարունակեն զարգանալ, ապա ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան կճանաչեն նաեւ Հայոց ցեղասպանությունը: Կամ գուցե, Եվրոպան շահագրգիռ լինի Թուրքիային իր կողմը կանչելու համար նոր ծրագրեր մշակել եւ խոստումներ տալ: Սրանք թեորիաներ են, որոնք կարող են իրականություն դառնալ, եւ այդ փոփոխություններին Հայաստանը պետք է պատրաստ լինի»,- ասաց Շիրինյանը:

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա ավարտվել է մի շարք կարեւորագույն համաձայնագրերի կնքմամբ: Դրանցից քննարկման առարկա է հատկապես ռուս-թուրքական գազային համաձայնագիրը, որի մի շարք կետեր եւ պայմաններ աննախադեպ են: