Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհուրդ է տալիս գազի սակագնի բարձրացման հարցում խոսակցություններով չուղղորդվել: «Եկեք խոսակցություններով չուղղորդվենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետը:
Գազի սակագնի մասին խոսակցությունները մամուլում շարունակում են շրջանառվել' չնայած «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից արված այն հայտարարությանը, որ գազի սակագնի վերանայման հայտով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմելու անհրաժեշտությունն այս պահի դրությամբ չկա:
Անդրադառնալով գնաճի վերաբերյալ հարցին՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կառավարության վաղվա նիստում այդ մասին կզեկուցվի և բոլորը կտեղեկանան ուսումնասիրությունների արդյունքներին:
Աբրահամյանը դեկտեմբերի 4-ի նիստում հանձնարարել էր ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին Կառավարության հաջորդ նիստի համար (դեկտեմբերի 11-ի) նախապատրաստել և ներկայացնել գնաճի վերաբերյալ տեղեկատվություն: Վերջին օրերին պարենային մի շարք ապրանքախմբերում նկատվել են թանկացումներ: Հատկապես թանկացել են ոսպը, հնդկաձավարը, կաթնամթերքը: ՏՄՊՊՀ-ն ստուգումներ է անցկացնում սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ապրանքային շուկաներում, ինչպես օրինակ' շաքարավազի, կարագի, ձեթի, կաթնամթերքի, ձավարեղենի, հրուշակեղենի և այլն, ինչպես նաև ոչ պարենային ապրանքատեսակների շուկաներում: