Ամանորին տոնը պետք է ապահովել բարձր տրամադրությամբ և ոչ թե ալկոհոլի միջոցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' դեկտեմբերի 15-ին լրագրղների հետ հանդիպմանը նման խորհուրդ տվեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:

 

«Անցած տարի չարաշահումները հիմնականում կապված են եղել ալկոհոլային խմիչքների հետ: Պետք չէ խառնել տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքները: Գնելիս էլ անպայման ուշադրություն պետք է դարձնել ակցիզավորմանը: Առանց համապատասխան ակցիզավորման խմիչք գնելը կարող է հանգեցնել թունավորման»,- զգուշացնում է ԱՆ աշխատակիցը' հավելելով, որ չպետք է նաև մոռանալ առողջ սննդի մասին:

 

Սեղանը պատրաստելիս հնարավորինս պետք է խուսափել յուղային սննդից, պետք է ավելի շատ բանջարեղեն օգտագործել: Բոտուլիզմից խուսափելու համար պահածոյացված սննդամթերքն անհրաժեշտ է մոտ 20 րոպե ջերմային մշակման ենթարկել:

 

«Մթերքները պետք է լինեն ժամկետի մեջ: Պետք է մաքուր լվանալ բանջարեղենն ու միսը պատրաստելուց առաջ: Անվտանգ, սակայն խառը սնունդը ևս կարող է սննդային թունավորման հանգեցնել: Ամեն մի մթերք պատրաստելուց կտրատեք առանձին դանակով: Մի քանի ճաշատեսակներ պատրաստելիս նույն գդալով խառնելն անվտանգ չէ»,- զգուշացրեց Բակունցը: Պատրաստի սննդամթերքը կարելի է պահել մինչև 48 ժամ սառնարանային պայմաններում: Աղցաններն ունեն 16 ժամ պահպանման ժամկետ: Մշտապես պետք է վերահսկողության տակ պահել մսամթերքը, կաթնամթերքը, և կրեմային խմորեղենները:

 

Բակունցը նաև ծնողներին խորհուրդ տվեց Ամանորի տոներին շատ չփոխել երեխաների սննդակարգը, ուտելու ժամերը: