Ուկրաինայում հակամարտության ինն ամսվա ընթացքում զոհվածների թվաքանակը կազմել է 4707, ևս 10 հազար 322-ը վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչության (ՄԻԳԿՎ) մոնիթորինգային առաքելության ութերորդ զեկույցում, որը նվիրված է Ուկրաինայի իրադրությանը:

 

Զեկույցն ընդգրկում է նոյեմբերի 1-ից մինչև 30-ն ընկած ժամանակաշրջանը: Հրադադարի սկսվելուց ի վեր սեպտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 12-ը գրանցվել է առնվազն 1357 զոհ, նրանցից մի քանիսը կարող էին սպանված լինել նաև մինչ այդ, նշվում է փաստաթղթում:

 

Հրապարակված տվյալները ներառում են նաև մալայզիական Boeing ինքնաթիռի կործանման հետևանքով 298 զոհվածներին: ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ առաքելության տվյալներով՝ «ենթադրվում է, որ հակամարտության զոհերի իրական թվաքանակն զգալիորեն ավելի մեծ է, քանի որ տուժածների վերաբերյալ տվյալները «շարունակում են նվազեցնել»:

 

Մասնավորապես, առաքելությունը մատնանշում է, որ դիարաններում հազար մարմին է գտնվում, որոնք ճանաչված չեն, կան նաև մի շարք տարածքներ, որտեղ մինչ այժմ շարունակվում են մարտերը, ինչը դժվարացնում է զոհվածների որոնումը:

 

Բացի այդ, փաստաթղթում ընդգծվում է, որ, չնայած սեպտեմբերի 5-ին ստորագրված Մինսկի արձանագրությանը, որը կետ է բովանդակում կրակի դադարեցման մասին, Ուկրաինայի արևելքում շարունակվում են գնդակոծություններն ու փոխհրաձգությունները, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: