Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը գտնում է, որ Կենտրոնական բանկի նախագահի ելույթն իր դրական դերն ունեցավ արժութային շուկայի կայունացման վրա և դրանից մի քանի ժամ անց արձանագրվեց դոլարի կուրսի նվազում, դրամն արժևորվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո Ղազարյանը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ ֆինանսական շուկան ավելի կկանոնակարգվի և կգա հին ելման դրությանը, իսկ այն ցայտնոտային իրավիճակը, որ ստեղծված էր շուկայում, հատկապես ներկրվող ապրանքների մասով, կկարգավորվի և պոտենցիալ գնաճը կմեղմվի:

 

«Այն, ինչ մեկ շաբաթվա մեջ մենք տեսանք, աննախադեպ թռիչք էր և ինչ- որ տեղ բնական էր, որ ներկրողը չի կարող միայն մեծ կորուստներ ունենալով զսպել իր գնաճը: Շուկան ինքը կկարգավորվի, այսօր մեկ դոլարը 490 դրամ է, վաղը գուցե կունենանք դրամի ելման դրություն և գների այս տագնապը կանցնի, շուկան էլ առողջ կաշխատի, որովհետև տարեմուտի առևտուրն ամբողջովին արգելակման ռեժիմի մեջ էր, մարդիկ չգիտեին ինչ գնով ֆակտուրաներ լրացնել և այլն: Հուսով եմ մենք կվերակագնենք վիճակը»,- ասաց Ղազարյանը: Նրա խոսքով՝ եթե ԿԲ նախագահի ելույթը մի քանի օր շուտ լիներ, այն կուն ենար ավելի արդյունավետ ազդեցություն: Միաժամանակ, Ղազարյանը քաղաքացիներին խորհուրդ տվեց քաղաքացիներին՝ տագնապի մեջ չընկնել և չշտապել արագ տարադրամ փոխել:

 

Հայաստանի բանկերում և փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն սկսել է նվազել: Առավոտից մինչ այս պահը դոլարն էժանացել է 20,31 դրամով' կազմելով միջինը 502.29 դրամ: Ընդ որում, բանկերում դոլարի վաճառքի համար սահմանված նվազագույն գինը 440 է, առավելագույնը' 490 դրամ: Հիշեցնենք, որ երեկ դրամն արժեզրկվել էր ավելի քան 25 դրամով, իսկ առավոտյան բանկերը դոլարը գնում էին 550.38 դրամով:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' եվրոյի վաճառքի փոխարժեք արդեն նվազել է 36,92 դրամով: Բանկերը եվրոն գնում են միջինում 558.60 դրամով և վաճառում' 526,26 դրամով:

 

Երեկվա համեմատ 0.25 դրամով բարձրացել է ռուբլու փոխարժեքը: Բանկերը ռուբլին առնում են միջինում 7.32 դրամով և վաճառում' 8,90 դրամով: