Երրորդ տարին շարունակ ողջ աշխարհում շուրջ 220 լրագրող իրենց մասնագիտական գործունեության հետևանքով գտնվում են բանտերում. միջազգային «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (CPJ) հրապարակել է 1990 թվականից ի վեր երկրորդ վատագույն զեկույցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»,-ը, 2014 թվականի զեկույցի տվյալներով' լրագրողներին ամենաշատը բանտարկող երկիր է ճանաչվել Չինաստանը: Եթե նախորդ տարի չինական բանտերում գտնվում էր 32 լրագրող, ապա այս տարի նրանց թիվը հասել է 44-ի:
Ցուցակում երկրորդը Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որտեղ բանտարկված է 30 լրագրող: Տասնյակի մեջ են մտել նաև Էրիտրեան, Եթովպիան, Վիետնամը, Սիրիան, Եգիպտոսը, Բիրման, Ադրբեջանն ու Թուրքիան:
Խոսելով Թուրքիայում լրագրողների վիճակի մասին' զեկույցում նշվել է, որ թեպետ պետությունը նախորդ տարիների համեմատ բարելավել է դիրքերը, այդուհանդերձ դեկտեմբերի 14-ին պետությունը ձերբակալեց ԶԼՄ-ների մի շարք աշխատակիցների, ովքեր մեղադրվում են հակապետական գործունեության մեջ: CPJ-ը թուրքական իշխանությունների նման գործունեությունը պայմանավորել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և գյուլենական շարժման հիմնադիր, ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի միջև առկա հակամարտությամբ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այստեղ, ըստ զեկույցի, պահվում է ինը լրագրող և չորս քաղաքացիական ակտիվիստ:
CPJ-ի զեկույցում նշվում է, որ այս տարի ձերբակալված 220 լրագրողների մեծ մասը' 119-ը էլեկտրոնային ԶԼՄ-ների ներկայացուցիչներ են, 83-ը' տպագիր մամուլի, 15' ռադիոյի և 14-ը' հեռուստաընկերության: