Թուրքիայի Իզմիր քաղաքի «Սեպտեմբերի իննի» համալսարանում դասախոսի տված հանձնարարականը համացանցում ուսանողների քննարկման լուրջ առարկա է դարձել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» պարբերականը, համալսարանի Աթաթուրքի սկզբունքների և հեղափոխության պատմո ւթյան ինստիտուտի դասախոս Թյուրքան Բաշյիղիթը հանձնարարել է ուսանողներին Հայոց ցեղասպանությունը հերքող փաստաթղթերի հիման վրա պատրաստել աշխատանք:
Համացանցում հայտնված հանրձնարարության լուսանկարի մեջ նշված է. «Հայկական հարցի, դրա առաջացման, այսպես կոչված, ցեղասպանության մասին պնդումների դեմ Թուրքիայի կողմից' ցեղասպանություն չիրականացնելու վերաբերյալ փաստաթղթերով պատրաստված ձեր հանձնարարականները կհանձնեք 18.12.2014թ. քննության ժամանակ»:
Լուսանկարի հայտնվելուց հետո «Թվիթեր»-ի շատ օգտատերեր իրենց զայրույթն են հայտնել' նշելով, որ դասախոսի նման մոտեցումը հարցին ընդհանրապես դեմ է գիտականությանը:
Թյուրքան Բաշյիղիթը հայտնի է Հայկական հարցի ու Հայոց ցեղասպանության մասին «աշխատություններով»: Ավելի վաղ, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից լավաշը ճանաչվել էր որպես հայկական մշակութային ժառանգության մաս, նա «Թվիթեր»-ում հետևյալ գրառումն էր կատարել. «Լավաշն էլ վերցրին, սրանք հիմա մեզնից տարածք էլ կուզեն»: