Դրամի արժևորմանը զուգընթաց նվազում է նաև դեղերի գինը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի՝ դեղորայքային քաղաքականության հարցերով խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը:
Նրա համոզմամբ' դեղերի գների տատանումները համարժեք են արտաժույթի փոխարժեքի տատանումներին: «Դեղերի շուկայում գների բարձրացման հիմնական խուճապը գրանցվել է դեկտեմբերի 17-ի երեկոյան: Հաջորդ առավոտյան իրավիճակն արդեն կարգավորվել էր: Դեղագործական որոշ ընկերություններ դեկտեմբերի 11-ից 5-10, իսկ առանձին դեպքում 18 տոկոսով բարձրացրել էին դեղերի գները: Նախարարի հորդորով' դեղատները մի քանի շաբաթ չբարձրացրին գինը, սակայն հետո եղավ բարձրացում: Այս պահին դեղերի գների իջեցում է ընթանում»,- ասաց Ուլիխանյանը:
Նախարարի խորհրդականի վստահեցմամբ' թանկացել են դոլարով և եվրոյով գնվող դեղերը, ռուբլով գնված դեղորայքի գինը իջել է: Ընդհանուր թանկացել է դեղերի անվանացանկի 20 տոկոսը: «Դրամը որքան գա իր նախկին դիրքերին, դեղերն այդքան իջնելու են: Վստահեցնում եմ՝ ներմուծողների կողմից անհարկի թանկացումներ չեն եղել»:
Նախարարի խորհրդականը հայտնեց նաև, որ նախարարության համապատասխան տեսչությունը մանրակրկիտ դիտարկումներ է իրականացնում շուկայում: Հակամենաշնորհային դեպքերը ներակայացվում են ՏՄՊՊՀ-ին և այդպիսով պատժում կամայականություն անող ընկերություններին: