Աշխարհի գլխավոր կաթոլիկական տաճարի առջեւ կանգնեցված Սուրբծննդյան եղեւնին դեկտեմբերի 19-ի երեկոյան իր լույսերն է վառել Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Այս տարի 25,5 մետր բարձրությամբ ծառը Հռոմի Ֆրանցիսկոս պապին նվեր է մատուցվել Իտալիայի Կալաբրիա հարավային մարզից: Անտառային գեղեցկուհու ճյուղերի բացվածքը հասնում Է տասը մետրի, բնի տրամագիծը՝ 55 սանտիմետրի: Ըստ ավանդույթի՝ այն կանգնեցրել են այն կոթողի կողքին, որը Եգիպտոսից Հռոմ Է բերել տակավին Կալիգուլա կայսրը, եւ զարդարել են Վատիկան քաղաք-պետության դեղին-սպիտակ գույներով:

 

Եղեւնու տակ, ըստ կաթոլիկական ավանդույթի, դրել են այսպես կոչված presepe-ն՝ Սուրբծննդյան մսուրը կամ վերտեպը, որը պատկերում Է Հիսուս Քրիստոսի ծննդյան տեսարանը:

 

Վատիկանում Սուրբծննդյան եղեւնու լույսերը վառելու արարողությունն ավարտվել Է Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթի եւ ճակատի լուսավորման նոր համակարգի միացմամբ, որը գործում Է Էներգախնայողական տեխնոլոգիայի հիման վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: