ԼՂՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը Ամանորի նախօրեին սովորաբար ավելի հաճախակի է մոնիթորինգներ անցկացնումիր վերահսկողության ներքո գտնվող Ստեփանակերտի շուրջ 30 խոշոր և միջին առևտրի կետերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' «Արցախպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը նշել է, որ վերջին օրերին դոլարի փոխարժեքի բարձրացման հետևանքով արձանագրված գնաճի պայմաններում նախկին մեկ շաբաթվա փոխարեն այս տարի դիտանցումներն անցկացնում են երկու օրը մեկ պարբերականությամբ:
Անդրադառնալով վերջին օրերին անցկացված մոնիթորինգի արդյունքներին՝ ոլորտի պատասխանատուն նշել է, որ այն առևտրային օբյեկտները, որոնք ավելի մեծ քանակությամբ հաճախորդ-սպառողներ ունեն, մինչև դոլարի փոխարժեքի բարձրացումն ավելի էժան գնային քաղաքականություն էին որդեգրել:
«Իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ բարձր գնաճը արձանագրվել է մասնավորապես Ստեփանակերտի բոլոր այն խոշոր առևտրային խանութներում, որոնք առավել հաճախակի են ապրանքներ ներմուծում Հայաստանից: Իսկ միջին կամ փոքր ծավալի առևտրաշրջանառություն իրականացնող խանութներում, որոնք ապրանքատեսակները ձեռք էին բերել այն ժամանակ, երբ դոլարի փոխարժեքը դեռ բարձր չէր, ապրանքների գները նույնն էին մնացել: Այդ պատճառով հանրության շրջանում այն տպավորությունն է ստեղծվել, որ ապրանքային շուկայում համատարած թանկացումներ են սկսվել: Սակայն իրականում ներկայումս մայրաքաղաքում կան խանութներ, որոնք նախկինի համեմատ ավելի էժան գներ ունեն»,-մանրամասնել է Գրիգորյանը՝ վստահեցնելով, որ դոլարի փոխարժեքի նվազման և կայունանալու դեպքում այն ապրանքատեսակների գները, որոնք բարձրացել են արտարժույթի տատանումների պատճառով, կիջնեն:
Անդրադառնալով հարցին, որ վերջին օրերին որոշ վաճառակետերում սահմանափակ քանակությամբ էին վաճառում առաջին անհրաժեշտության մի քանի ապրանքատեսակներ, ՀԾՏՄ կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետը հաստատել է, որ իրենց դիտանցումների արդյունքում նման դեպքեր, իրոք, արձանագրվել են: Դրանք բացառապես պայմանավորված են դոլարի փոխարժեքի բարձրացումից հետո ապրանքների թանկացմամբ, և, Սերգեյ Գրիգորյանի կարծիքով, բնակչությանը ավելի թանկ վճարումներից զերծ պահելու համար տնտեսավարող սուբյեկտները ստիպված որոշակ ի սահմանափակումներ էին մտցրել:
«Ներկայումս դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ իջնում է, և նոր թանկացումների վտանգ չի կարող լինել»,- պարզաբանել է նա՝ նշելով, որ Ամանորի նախաշեմին մեծ պահանջարկով պայմանավորված' ապրանքային շուկայում չի բացառվում որոշակի գնաճի հնարավորությունը, սակայն, վերջին օրերին արձանագրված թանկացումները կվերանայվեն, քանի որ այն պայմանավորված է եղել միայն արտարժույթի տատանումներով: