Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն, հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային հերթական մրցույթը հասարակական կազմակերպությունների համար։ Այս մրցույթում բավականին փոփոխություններ են արվել անվանակարգերում։ Հայտարարված 13 անվանակարգից 11-ն ուղղված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին' «Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում:

 

Թեմայի օգտագործումը ՀՀ և սփյուռքի մատաղ սերնդի դաստիարակության գործընթացներում», «Ցեղասպանություն և մշակույթ», «Հայոց ցեղասպանության վերապրածներ. պատմություններ, հիշողություններ, վավերապատումներ», «Հայ ժողովրդի ինքնապաշտպանության հերոսական էջեր. անցյալի դասերը և ապագայի մարտահրավերները», «Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես ցեղասպանությունների կանխարգելման կարևոր քայլ» և այլն։

 

«2015-ը մեզ համար առանձնահատուկ տարի է։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված կան պետական համապատասխան հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրեր։ Մենք էլ դիմեցինք և առաջարկեցինք, որպեսզի դրամաշնորհին հատկացված գումարը հիմնականում ուղղվի 100-րդ տարելիցին նվիրված ծրագրերին, և հնարավորինս շատ հասարակական կազմակերպություններ, երիտասարդներ, քաղաքացիների մասնակցություն ունենան այդ միջոցառումներին։ Մենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հետ կապված հետաքրքիր առաջարկ-գաղափարների մրցույթ ենք անցկացրել, և հա ղթողները նույնպես հնարավորություն կունենան կյանքի կոչել իրենց գաղափարները»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:

 

Կարեն Ավագյանը նաև շեշտեց, որ մեկ տարի առաջ, երբ որոշվեց ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթում ներառել նաև ցեղասպանությանն առնչվող անվանակարգ, շատ քիչ ՀԿ-ներ կային, որոնք կարողանում էին լավ ծրագրեր ներկայացնել։ Այս ժամանակահատվածը նաև օգնեց շատ կազմակերպությունների ավելի խորանալ թեմայի մեջ, ավելի հիմնավոր, լավ, պատճառաբանված ծրագրեր ներկայացնել, որոնք համահունչ կլինեն այն միջոցառումներին, որոնք իրականացվում են թե′ Հայաստանում, թե′ սփյուռքում։

 

Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու հայտերը Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ընդունում է մինչև 2015 թվականի հունվարի 16-ը՝ ժամը 12:00-ը' յուրաքանչյուր աշխատանքային օր' ժամը 11:00-16:00 (ընդմիջում 13:00-14:00)։