Լոռու մարզում ավարտվել են Շնող համայնքից մինչև Թեղուտ համայնքի ավարտ տանող՝ 3.7 կմ երկարությամբ ճանապարհի շինարարական աշխատանքները: Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեի 2014 թվականի միջոցների հաշվին: Աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 522 միլիոն ՀՀ դրամ: Թեղուտում լրագրողների հետ զրույցում համայնքի ղեկավար Ֆրունզե Նորեկյանը նշեց, որ բնակչության տրամադրվածությունը դրական է՝ կապված վերջերս կատարված աշխատանքների հետ:
«Երբ հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ անգամ աշխատանքային այցով եղավ «Թեղուտ» արտադրական ընկերությունում, մենք բարձրացրել ենք Շնող համայնքից մինչև Թեղուտի ավարտ ճանապարհի ասֆալտապատման հարցը: Եվ ինչպես տեսնում եք, աշխատանքները շատ արագ կատարվել են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նորեկյանը:
Նա ընդգծեց, որ այս ճանապարհի ասֆալտապատումը շատ կարևոր նշանակություն ունի իրենց համար քանի որ նախկինում համայնքի բնակիչները Երևան-Թբիլիսի խճուղուց մինչև Թեղուտ հասնում էին մեկ ժամում, իսկ ճանապարհի վերանաորոգումից հետո՝ 10 րոպեում: «Բնական է, որ ճանապարհի նշանակությունը շատ կարևոր է մեզ համար»,- ընդգծեց նա:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Արգիշտի-1» ՍՊ ընկերության կողմից հրատապ հիմնանորոգման ծրագրի շրջանակներում կատարվել են ճանապարհի 3.7 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներ:
Իրականացվել են ճանապարհի հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհային կապիտալ պատվածքի՝ ասֆալտբետոնե ծածկի ներքին և վերին շերտերի կառուցման աշխատանքներ: Վերականգնվել է ջրահեռացման համակարգը, հիմնանորոգվել են գոյություն ունեցող կամուրջները: Անվտանգության նկատառո ւմներից ելնելով' տեղադրվել են ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ և կատարվել գծանշում: