Սերժ Սարգսյանի վերընտրման դեպքում հավատո՞ւմ եք, որ նա կձեռնարկի լուրջ փոփոխություններ: ԳԱԼԱ-ի այս հարցին ֆրանսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանն այսպես է արձագանքել. «Ոչ մի փոփոխության նա չի գնա: Ես Սերժ Սարգսյանին շատ մոտիկից եմ ճանաչում, վստահ կարող եմ ասել, որ ինքը էությամբ պատրաստ չէ փոփոխությունների: Համարում եմ, որ նա որպես անձ կրում է Խորհրդային միության կամ անցումային ժամանակաշրջանի գաղափարները, բայց ոչ եվրոպական քաղաքակրթության գաղափարները»:
Ս.Հացպանյանի խոսքով՝ կա նաև իր ստեղծած համակարգի գործոնը, որը նրան չի թողնում գնալ փոփոխությունների ճանապարհով: Նրա համոզմամբ՝ եթե Սերժ Սարգսյանն ուզում է փոփոխություններ, սակայն չի կարողնանում իրականացնել, ուրեմն նա ինչ-որ շահ ունի փոփոխությունները չիրականացնելու դիմաց:
«Սակայն ես չեմ համարում, որ պետության ղեկավարը պետք է ղեկավարի շահադիտական նկատառումներով: Հնարավոր է, որ բարեփոխումների իրականացումը կվնասի իր մերձավորների բիզնեսին: Ախր չէ՞ որ նա տեսնում է, որ իր ծննդավայրը դատարկվում է: Ազգաբնակչությունը քոչում է հաղթանակած երկրից: Բանակում նույնպես վիճակը լավ չէ, հասարակությունը օրապահիկով է ապրում, աղքատությունը խորացել է: Մարդիկ մտածում են՝ ինչ գնով էլ լինի, որտեղ էլ լինի, միայն թե գնան Հայաստանից:
Հուսահատության հասած երկրում ուզում ես՝ նախագահ եղիր, ուզում ես՝ մի եղիր, ի՞նչ տարբերություն: Ի՞նչ կտա որևէ մեկին նախագահի պաշտոնը, եթե հուսահատության եզրին հասած հասարակությունը էլ ոչ մի բանի չի հավատում: Ցանկացած փոխհարաբերություն հասարակության մեջ ծայրահեղ էքստրիմի է վերածվել, այնպես որ ընտրվես-չընտրվես, որ քո դիմաց ընդդիմություն չկա, հետո ի՞նչ: Ով ուզում է ընտրվի Հայաստանի նախագահ, կարևոր չէ, բայց եթե նա չի կարողանալու այս երկրի քաղաքացու հարցերը լուծել և նրանց արժանապատիվ կյանք ապահովել, ապա ես կասկածում եմ նրան ոչ միայն քաղաքական բավարար գիտելիքներ ունենալու մեջ, այլ նաև ազնվության, անկեղծության, նույնիսկ՝ հայ լինելու մեջ»,- ասաց նա:
Սարգիս Հացպանյանի կարծիքով՝ բոլոր երկրներում ժողովուրդը առաջ չի անցնում քաղաքական միավորից, սակայն Հայաստանում ժողովուդը ոչ թե մեկ, այլ տասնյակ քայլով է առաջ քայլում քաղաքական միավորից:«Հիմա դուրս գանք փողոց, նստենք երթուղային, ընտրեք որևէ հինգ հոգի, նրանք իրենց որակով ու գիտելիքներով ամբողջ խորհրդարանում, կառավարությունում, քաղաքական դաշտում եղած-չեղածներին կտանեն ծովը ծարավ ետ կբերեն», -հավաստիացնում է Ս.Հացպանյանը:
Մելանյա Մելքումյան