Երևանի պետական բժշկական համալսարանը ամփոփել է 2014 թվականի աշխատանքները: Բուհի կառավարման խորհրդի տարեվերջյան նիստը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվու թյան և հասարակայնության հետ կապերի բաժնից, օրակարգում ներառված է եղել երկու հարց՝ 2014 թվականին կատարված աշխատանքների հաշվետվությունը և 2015 թվականի բյուջեի նախահաշվի հաստատումը:
ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը կառավարման խորհրդին ներկայացրել է ընթացիկ տարվա աշխատանքների ամփոփ հաշվետվությունը: 2014 թվականի աշխատանքներում մեծ տեղ է հատկացվել ԵՊԲՀ կլինիկական ծառայությունների ակտիվացմանը: «Ստեղծվել է Համալսարանկան սիմուլյացիայի կենտրոնը, որն ունի կարևոր դեր գործնական գիտելիքների, հմտությունների և կարողությունների կատարելագործման համար:
Հիվանդանոցային ծառայությունների գծով մուտքերը բարելավվել են՝ ընդհանուր առմամբ այդ ուղղությամբ մուտքերը 2014 թվականի 11 ամիսներին կազմել են 3 մլրդ 29 6 մլն դրամ: Մեծ տեղ հատկացվել է միջազգային կապերի ամրապնդմանը և միջբուհական ծրագրերի իրականցմանը»,- իր հաշվետու ելույթում նշել է Նարիմանյանը: Նա տեղեկացրել է, որ բժշկական համալսարանում ուսանում է 1498 օտարերկրացի ուսանող՝ 24 երկրից: Նրանցից 541-ը հայեր են, մնացածը՝ օտարազգիներ:
Կառավարման խորհուրդը հաստատել է ԵՊԲՀ 2014 թվականի հաշվետվությունը և հաստատել 2015 թվականի բյուջեի նախահաշիվը:
Ամփոփելով նիստը ՝ Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ Երևանի պետական բժշկական համալսարանը, համաձայն կառավարության որոշման, ստացել է հիմնադրամի կարգավիճակ, որը զարգացման նոր հեռանկարներ է խոստանում բուհին: «Նոր կարգավիճակը բուհին ակադեմիական և ֆինանսական գործունեության ավելի մեծ ազատություն է տալիս:
Միաժամանակ, սա նաև նոր պարտավորություն է ենթադրում բուհի համար: ՊՈԱԿ-ից դառնալով հիմնադրամ, համալսարանը դարձել է հանրային կառույց և պարտավոր է ավելի բաց ու հաշվետվողական աշխատելաոճ որդեգրել»,- նշել է նախարարը և հավելել, որ պետական ռեգիստրում գրանցվելուց հետո պետք է ձևավորվի կառավարման նոր մարմին՝ հոգաբարձուների խորհուրդ, որից հետո վերջինիս կողմից կհայտարարվի ռեկտորի ընտրություն:
Նախարարը հորդորել է հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրությունը կատարել բացառապես գործող օրենսդրության համաձայն: Կառավարման խորհուրդը հանձնարարական է տվել բուհի ղեկավարությանը՝ կառավարման խորհրդին ներկայացնել նոր կարգավիճակով պայմանավորված՝ բուհի զարգացման ռազամավարական ծրագիրը:
Խորհրդի նիստում անդրադարձ է եղել նաև բուհի նոր կարգավիճակով պայմանավորված կազմակերպչական և աշխատանքային մի շարք այլ հարցերի: