ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորել է կրթության և գիտության բնագավառի գործընկերներին, ուսանողներին և աշակերտներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ուղերձում ասվում է. «Յուրաքանչյ ուր տարեմուտ խորհրդանշական է նաև նրանով, որ հնարավորություն է տալիս բոլորիս հաշվետու լինել կատարած աշխատանքի համար և նախանշել գալիք տարվա անելիքները:

 

Կրթության բնագավառի համար անցնող 2014 թվականը նշանակալի էր հաջողություններով, բարեփոխումների լայնածավալ գործընթացով, ապագայի համար նախատեսած բազմաթիվ ծրագրերով ու անելիքներով: Լավատեսությամբ և ապագա հաջողությունների հաստատակամությամբ լի ցանկանում եմ, որ գալիք 2015 թվականը մեր դպրոցականների և ուսանողության համար լինի գիտելիքի վերարժևորման, մրցունակ, միջազգային չափանիշներին համարժեք մասնագիտական գիտելիքների ձեռքբերման տարի:

 

Բարձրակարգ, որակյալ կրթության ապահովումը, կատարած աշխատանքի հանդեպ պատասխանատվությունն ու խստապահանջությունը թող շարունակեն մնալ առաջնահերթ ուղենիշը' մեր մանկավարժների և դասախոսների համար:

 

Թող հայ գիտնականների և հետազոտողների նորարարական միտքը նվաճի գիտության բարձունքները, և հնարավորություն ունենանք աշխարհին ներկայանալ ոչ միայն մեր ավագ սերնդի, այլև երիտասարդ գիտնականների նորանոր անուններով:

 

Ցանկանում եմ, որ գալիք 2015 թվականը մեր երկրի համար լինի խաղաղության, միասնության, հաղթանակների, իսկ յուրաքանչյուրիդ համար՝ մասնագիտական նոր ձեռքբերումների, ստեղծագործ աշխատանքի և առաջընթացի տարի:

 

Թող Սուրբ Ծննդյան խորհուրդն ու Հայ Առաքելական Եկեղեցու օրհնությունն ուղեկից լինեն բոլորիս ողջ տարվա ընթացքում:

 

Մաղթում եմ լավատեսություն և անձնական երջանկություն»: