Գեղարքունիքի մարզի բարձրլեռնային Ախպրաձոր գյուղը մի քանի օր է, ինչ ձյան եւ չընդմիջվող բքի պատճառով հարկադրված է ապրել արտակարգ իրավիճակներում՝ զրկված արտաքին աշխարհի հետ տրանսպորտային կապ ունենալու հնարավորութունից:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճանապարհաշինության եւ տրանսպորտի բաժնի վարիչ Գեւոր գ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ ճանապարհը սպասարկող կազմակերպությունը մաքրման աշխատանքներ իրականացրել է Ծովակից մինչեւ Մաքենիս ընկած հատվածում, սակայն բուք՝ մի կողմից, եւ մաքրող տեխնիկայի շարքից դուրս գալը՝ մյուս կողմից, այդպես էլ հնարավորություն չեն տվել այսօրվա ընթացքում բացել Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհը:
Մինչդեռ Ախպրաձորում Վարդենիսի հիվանդանոցի եւ Ծովակի բուժամբուլատորիայի սպասարկող բուժանձնակամին ամբողջ օրվա ընթացքում սպասում էին մեկ ծննդկան, թոքաբորբով հիվանդ մեկ տարեց քաղաքացի եւ շնչուղիների բորբոքումով հիվանդ եւ ջերմող երեք երեխա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ախպրաձորի գյուղապետ Լավրենդիկ Ղազարյանը, Ծովակի բուժամբուլատորիայի տնօրեն եւ ընտանեկան բժիշկ, մանկաբույժ Արթուր Ղազարյանը, Վարդենիսի հիվանդանոցի շտապօգնության բժշկուհի Սուսաննա Մակարյանը եւ հերթապահ բուժքույր Ֆլորա Երանոսյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճանապարհաշինության եւ տրանսպորտի բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանի ուղեկցությամբ Ախպրաձոր են հասել ոտքով՝ 4 կիլոմետր հատվածը անցնելով ձյան ու բքի միջով:
Ընդ որում, ճանապարհի արգելքն անզոր է եղել հաղթահարել նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության ավտոմեքենան:
«Ժամը 18.30-ից արդեն բժիշկներն ձեռնամուխ են եղել իրենց պարտականությունների կատարմանը՝ առաջին առաջնային բուժօգնություն ցուցաբերելով բոլոր հիվանդներին: Եվ քանի որ երեխայի սպասող Պայծառ Գասպարյանի ծննդաբերական ցավերը սկսվել են, ու նրան հնարավոր չէ տեղափոխել Վարդենիսի կամ մոտակա այլ ծննդատուն, հարկադրված գյուղ ենք հրավիրել Վարդենիսի հիվանդանոցի գինեկոլոգին, մանկաբույժին, շտապօգնության ծառայությանը:
Նրանք էլ Մաքենիսից ոտքով են գալիս Ախպրաձոր՝ արդեն ստիպված լինելով հաղթահարել գիշերային մթությունը: Հերթապահությունն արդեն կսահմանվի ծննդկանի բնակարանում, ում այժմ հսկում է Վարդենիսի հիվանդանոցի հերթապահ քույրը»,- նշեց համայնքի ղեկավարը: Իսկ Վարդենիսի հիվանդանոցի գլխավոր տնօրեն Վարդան Կարապետյանը հավաստեց, որ շուտով Ախպրաձոր կհասնի Վարդենիսի հիվանդանոցի բժիշկ-գինեկոլոգ Սամվել Ղուռուշտանյանը, ով եւ կընդունի ծնունդը տնային պայմաններում:
«Ախպրաձորում այցելեցինք 20 հիվանդի։ Նրանցից 5-ը 1-6 տարեկան երեխաներ են, 10-ը՝ 6-14 տարեկան երեխաներ, 5-ը՝ մեծահասակներ։ Մեծահասակներից մեկը, 8 ամսական և 2.5 տարեկան երկու երեխաներ ծանր թոքաբորբ են տանում։
Նրանք ենթակա են հիվանդանոցային պայմաններում բուժման, բայց քանի դեռ չեն բացվել ճանապարհները, ստիպված կլինեն բուժվել տնային պայմաններում։ Բոլոր հիվանդներին ցուցաբերել ենք առաջնային բուժօգնություն, նրանք գտնվում են մեր հսկողության տակ»,- նշեց մանկաբույժ, Ծովակի բուժամբուլատորիայի տնօրեն և ընտանեկան բժիշկ Արթուր Ղազարյանը։
Սպասարկող բուժանձնակազմը Ախպրաձորում կմնա մինչեւ իրավիճակի լիակատար կարգավորումը: Իրադարձությունները գտնվում են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի անմիջական վերահսկողության եւ ուշադրության ներքո:
Խոսրով Խլղաթյան