ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն ուղերձ է հղել հայոց բանակի կազմավորման տարեդարձի կապակցությամբ'բանակի օրվա եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 21-րդ տարեդարձի առիթով շնորհավորելով ողջ հայ ժողովրդին' Հայաստանի, Արցախի, աշխարհասփյուռ հայությանը:
«Մեր ժողովրդի նորագույն պատմության մեծագույն ձեռքբերումներից մեկը հայոց բանակն է, որը կազմավորվեց ու կայացավ երկրի ու ժողովրդի համար չափազանց պատասխանատու ժամանակահատվածում: Երկրապահ-կամավորականության մարտնչող ոգուց եւ ժողովրդի անկախության ձգտումից ծնված մեր բանակը մշտապես յուրաքանչյուրիս հոգատարության կարիքն ունի: Մենք պարտավոր ենք մեր բանակին վերաբերվել, ինչպես կվերաբերվենք մեր հարազատ զավակին, նրա ամեն մի օրը, քայլը պահելով մեր ուշադրության կենտրոնում:
Պետությունն ու բանակը բարձրագույն արժեքներ են' նախապայման յուրաքանչյուր ազգի հարատեւման: Բանակում ծառայելը մեծ պարտք է, իսկ հայոց հաղթանակած բանակում ծառայելը' պատասխանատվություն ու պատիվ»,-ասված է ուղերձում:
Նա առանձնահատուկ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության եւ ազատագրված Արցախի սահմանները պաշտպանող զորքերին, սահմանապահ հայ ժողովրդին: «Միասնական ժողովուրդն ու հզոր եւ մարտունակ բանակն է երկրի կայունության ու խաղաղության ամուր երաշխիքը: Ինչպես ԵԿՄ հավերժ նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանն էր ասում' «Մեր բանակը տարածաշրջանի խաղաղության երաշխավորն է»: Արժանի ու պաշտպան լինենք խաղաղության, անկախության եւ ազգի միասնականության համար նահատակված մեր մարտական ընկերների պատգամին, միասնական եւ արժանավայել շարունակենք դիմակայել նոր մարտահրավերներին»,-ասված է Մ. Գրիգորյանի ուղերձում: