Վերջին մի քանի օրերի ընթացքում ձյան կապանքների մեջ հայտնված, Գեղարքունիքի մարզի բարձրլեռնային Ախպրաձոր գյուղն արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհի բացման աշխատանքները սկսվել են հունվարի 11-ի հետկեսօրին եւ շարունակում են ընթանալ նաեւ հունվարի 12-ին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ախպրաձորի գյուղապետ Լավրենդիկ Ղազարյանը, Մաենիս-Ախպրաձոր մոտ 4 կիլոմետր երկարությամբ ճանապարհի ձյան մի քանի մետրանոց շերտը մաքրելու համար ճանապարհաշինարարների համար կպահանջվեն օրեր, ուստի, նրանք նախեւառաջ բացել են դաշտամիջյան այլընտրանքային ճանապարհ, որով վերջապես գյուղը դուրս է եկել վերջին օրերի շրջափակումից, ապա նոր երկու մաքրող մեքենաներով ձեռնամուխ եղել հիմնական ճանապարհի բացման աշխատանքներին:
Դաշտամիջյան այլընտրանքային ճանապարհով վերջապես հնարավոր է դարձել նաեւ հիվանդանոց տեղափոխել ութ ամսական, սուր շնչական հիվանդությամբ տառապող Սերինե Գաբրիելյանին եւ թոքաբորբով տառապող, 55 տարեկան, երկրորդ խմբի հաշմանդամ Ժորա Մարտիրոսյանին:
Վարդենիսի հիվանդանոցի տնօրեն Վարդան Կարապետյանի հավաստմամբ՝ հիվանդներն արդեն գտնվում են բժիշկների հսկողության ներքո, կայուն վիճակում: Իսկ գյուղում շնչուղիների բորբոքում ունեցող մյուս հիվանդները ստացել են համապատասխան բուժօգնություն, Ծովակի ամբուլատորիայի բուժքույրը կատարում է տնային այցեր, հ իվանդներին հատկացվել է համապատասխան քանակի դեղորայք:
Մեկ օրվա ընթացքում մաքրող երկու մեքենաները հազիվ հասցրել են հաղթահարել ձյան կապանքներում հայտնված ճանապարհի մոտ կես կիլոմետրը: Մնում է հուսալ միայն, որ անակնակալ ձյունն ու բուքը նորից չեն փոշիացնի ճանապարհաշինարարների ջանքերը՝ նորից փակելով թե հիմնական, թե այլընտրանքային նոր բացված ճանապարհը:
Խոսրով Խլղաթյան