Գյումրիում հունվարի 12-ին սպանված ընտանիքի հրաշքով փրկված փոքրիկին' մինչև 1 տարեկան Սերյոժա Ավետիսյանին, տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ հիվանդանոցում փոքրիկին է այցելել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

 

«Փոքրիկի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Երեկ երեկոյան Երևանից մեկնել է առաջատար մասնագետների խումբ: Առավոտյան երեխային հաջողվել է տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ուր ավելի հագեցված հնարավորություններ կան: Այս պահին հիմնական գործողությունները և աշխատանքներն ուղղված են նրա առողջական վիճակի կայունացմանը և հակաշոկային վիճակի հաղթահարմանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախարարըˋ հավելելով, որ Սերյոժա Ավետիսյանն ապահոված է բոլոր անհրաժեշտ դեղորայքային և այլ բշժկական պարագաներով:

 

Հունվարի 12-ին կատարված վիրահատությունից հետո նա գտնվել է Գյումրիի Ավստրիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Երեխայի Երևան տեղափոխությունից հետո հետազոտություններ են իրականացվում, որոշ ժամանակ հետո կկատարվի նաև համակարգչային շերտագրում:

 

Նախարարը հայտնեց նաև, որ այսօր' 16:30-ին, կրկին քննարկում կհրավիրվի փոքրիկի բուժման վերաբերյալ:

 

Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպաության դեպքից միակ փրկված մի քանի ամսական երեխան կրծքի շրջանում կտրած-ծակած վերք է ունեցել: Կատարվել է որովայնի խոռոչի օրգանների մանրակրկիտ հետազոտություն, պարզվել է, որ որովայնի խոռոչի օրգանները վնասված չեն: 40 րոպե տևողությամբ վիրահատությունը բարեհաջող է անցել: Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:

 

Նախարարն իր աշխատանքային օրը կանցկացնի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում: