Հայաստանի գիտության պետական կոմիտեն ընթացիկ տարում նախատեսում է լուրջ առաջընթաց արձանագրել «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի «Արեալ» գծային արագացուցչի ծրագրի իրականացման գործում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Նրա խոսքով՝ շուտով նոր ու կարևորագույն սարքավորումներ կստացվեն Գերմանիայից ու Շվեյցարիայից: «Վերջնականապես պարզ կդառնա՝ «Քենդլ» ծրագիրը մեր տարածաշրջանի համար աշխատո՞ղ է, թե ոչ, և արդյոք մեր գիտնականները պատրա՞ստ են այս սարքավորումներով աշխատելուն'չնայած ես դրանում համոզված եմ»,- ասաց Հարությունյանը:
Ավարտվել է «Քենդլ» նախագծի առաջին փուլը: 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին գործարկվել է «Արեալ» գծային արագացուցիչը: Հուլիսի 22-ին տեղի է ունեցել արագացուցչի բացման պաշտոնական արարողությունը:
«ԱՐԵԱԼ» արագացուցչի առաջին էլեկտրոնային փունջը ստացվել է 2013թ. դեկտեմբերի 20-ին, իսկ 2014թ. մայիս-հունիս ամիսներին ավարտվել են արագացուցչի հիմնական համակարգերի կարգաբերման աշխատանքները և ապահովվել են արագացուցչի նախագծային պարամետրերը: Արդյունքները զեկուցվել են միջազգային հեղինակավոր գիտաժողովներում, եվրոպական մի շարք արագացուցչային կենտրոններում, Ա. Ի. Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայում և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում:
«ԱՐԵԱԼ» նախագծի մշակման համար խթան է հանդիսացել Երևանում 2010թ. հունիսին անցկացված արագացուցչային ֆիզիկայի ժամանակակից խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովը, որի շրջանակում Հայաստանում «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման ուղիների վերաբերյալ առաջարկությունների մշակման նպատակով կազմավորվել էր միջազգային փորձագիտական հանձնաժողով: ՀՀ վարչապետի մոտ քննարկումներից հետո, հանձնաժողովն առաջարկել էր «ՔԵՆԴԼ» արագացուցչի ստեղծման ծրագրի իրականացման փուլային տարբերակ, որը հաջողությամբ է պսակվել աշխարհÕ « շատ այլ արագացուցչային կենտրոններում:
«ԱՐԵԱԼ» արագացուցիչը նախագծվել և կառուցվել է 2011-2013 թվականների ընթացքում'գերմանական «ԴԵՍԻ» (DESY) արագացուցչային կենտրոնի ու շվեյցարական Փոլ Շերերի ինստիտուտի հետ սերտ համագործակցությամբ: Արտասահմանյան առաջատար մասնագետներից կազմված միջազգային խումբը փորձագիտական աջակցություն է ցուցաբերել այս ծրագրին:
2014թ. հոկտեմբերին ավարտվել են բժշկակենսաբանական և միկրոտեխնոլոգիաների գծով փորձարարական կայաններով «ԴԵԼՏԱ» լաբորատորիաների ստեղծման աշխատանքները: 2014թ. դեկտեմբերից Ա. Ի. Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի, Երևանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և «ՔԵՆԴԼ» ինստիտուտի գիտական խմբերը կսկսեն «ԱՐԵԱԼ» համալիրում իրականացնել իրենց փորձարարական հետազոտությունները, որոնք ներառում են մոլեկուլային ֆիզիկայի, նյութագիտության, կենսաֆիզի կայի, կենսաբժշկության, միկրոէլեկտրոնիկայի և արագացուցչային նոր տեխնոլոգիաների ժամանակակից խնդիրներ:
2014թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ինստիտուտը գերմանական «ԴԵՍԻ» արագացուցչային կենտրոնի համար էլեկտրաֆիզիկական սարքավորումների ստեղծման կարևոր պատվեր է կատարել:Ծրագրվել է «ԱՐԵԱԼ» համալիրում արտասահմանյան գործընկերների հետ համատեղ կատարել նոր արագացուցչային տեխնոլոգիաների և ճառագայթման աղբյուրների գծով հետազոտությունների երկարաժամկետ ծրագրեր: