Հայ ազգային կոնգրեսը խորը ցավակցություն է հայտնում ս.թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած հանցագործության զոհերի բոլոր հարազատներին ու մտերիմներին, ողջ գյումրեցիներին, և նկատի ունենալով ողբերգության մասշտաբը՝ հայ ժողովրդին։
Կոնգրեսը նաև կիսում է հանրապետության քաղաքացիների վրդովմունքը, մանավանդ Հայաստանի իրավապահ մարմինների ոչ պրոֆեսիոնալ գործողությունների կապակցությամբ, և պահանջում է, որպեսզի Հայաստանի իշխանությունը գոնե այսպիսի անփութությունից և անպատասխանատու վերաբերմունքից հետո, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների հետ, մինչև վերջ բացահայտի այս ոճրագործությունը՝ արժանի պատժի ենթարկելով բոլոր մեղավորներին։