Գյումրիում հունվարի 12-ի ոճրագործության դատավարությունը պետք է տեղի ունենա Հայաստանում՝ հայկական և ռուսական դատավարական մարմինների համագործակցության ներքո: Այս մասին այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

 

«Միջազգային համաձայնագրի համաձայն, եթե ռուսական ռազմաբազայի զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամը հանցագործություն է կատարել բազայի տարածքից դուրս, ապա այդ գործը գտնվելու է հայկական իրավասության տակ: Եթե հանցագործությունը կատարվել է զինծառայողի տեղակայման տարածքում կամ ռազմական հանցագործություն է՝ այդ դեպքում իրավասությունը ռուսական կողմինն է: Տվյալ դեպքում ունենք երկու տեսակի հանցագործություն, մեկը ծանր հանցագործություն է, կապված սպանությունների հետ, մյուսն այն հանցագործությունն է, որն իրենց իրավասության տակ է, դա զինծառայության վայրը լքելն է, ռազմաբազայի տարածքից դուրս զենքով հայտնվելը: Սա նշանակում է, որ պետք է լինի երկկողմ դատական մարմինների համագործակցություն, որպեսզի երկու ուղղություններով դատավարությունը մինչև վերջ ավարտվի»,- ասաց Քոչարյանը: