Գյումրիում հունվարի 15-ին անցկացվող խաղաղ հավաքից հետո ՌԴ հյուպատոսության մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանություն բերման է ենթարկվել 21 անձ: Եվս 38 մարդ ոստիկանական բաժիններ է տարվել Երևանի Ազատության հրապարակից եւ հարակից տարածքից: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկ ացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բերման ենթարկված բոլոր անձինք բաց են թողնվել: «Գյումրիում 15, իսկ Երևանում 3 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրություն»,- հայտնեցին ոստիկանությունից:

 

Ընդհանուր առմամբ, միջադեպերի արդյունքում մարմնական վնասվածք է ստացել 26 քաղաքացի, որոնցից 16-ը' ոստիկանության աշխատակիցներ: Վնասվածքներ ստացած ոստիկաններից մեկը գիշերը, ժամը 02:00-ի սահմաններում վիրահատվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում:

 

Հունվարի 15-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունից հետո իրավիճակը Գյումրիում լարվել է: Հանրահավաքի մասնակիցները Շիրակի մարզի դատախազության շենքի առջև հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ով վստահեցրել է, որ դիմելու է ռուսական կողմին' ոճրագործին հայաստանյան իրավապահներին հանձնելու համար: Այնուհետև հանրահավաքի մասնակիցները պահանջել են նկարահանել ոճրագործին, որպեսզի հավաստիանան, որ նա գտնվում է Գյումրիում:

 

Դատախազության շենքի մոտից հանրահավաքի մասնակիցներն ուղևորվել են ՌԴ հյուպատոսարանի շենք, որտեղ էլ ցուցարարների և ոստիկանների միջև արձանագրվել է բախում: Երեկոյան չնախատեսված հավաք է տեղի ունեցել նաև Երևանի Ազատության հրապարակում: