«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը կոչ է անում Գյումրիի սպանության դեպքը իրավական և բարոյական դաշտից քաղաքական հարթություն չտեղափոխել: Հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը Լարիսա Ալավերդյանը նշեց, որ պետք չէ տուրք տալ էմոցիաներին և հնչեցնել քաղաքական գնահատականներ: «Ես անընդունելի եմ համարում այս հարցի քննարկումը իրավական դաշտից քաղաքական դաշտ տեղա փոխելը: Ես անընդունելի եմ համարում հակառուսական հիստերիան, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները խզելու կոչերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

 

Միևնույն ժամանակ, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ինքը միանում է այն զայրույթին, որ այս պահին տիրում է բնակչության մոտ: «Բախումներին ես միշտ դեմ եմ եղել, սակայն միանում եմ այդ համընդհանուր զայրույթին, քանի որ տեղի ունեցածն աննախադեպ է, և հարկավոր է քայլեր ձեռնարկել նման դեպքերը բացառելու համար»,- ընդգծեց Ալավերդյանը՝ ցավ հայտնելով Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած բախումների կապակցությամբ:

 

Ալավերդյանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանություններն իրենց հերթին պետք է անեն ամեն ինչ, որպեսզի գործի նախաքնությունը, դատավարությունը և պատժի կրումը անցկացվի Հայաստանում և Հայաստանի իրավապահ մարմինների կողմից:

 

Հունվարի 15-ին Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունից հետո իրավիճակը Գյումրիում լարվեց: Հանրահավաքի մասնակիցները Շիրակի մարզի դատախազության շենքի առջև հանդիպեցին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, ով վստահեցրեց, որ դիմելու է ռուսական կողմին' ոճրագործին հայկական հայաստանյան իրավապահներին հանձնելու համար: Այնուհետև հանրահավաքի մասնակիցները պահանջեցին նկարահանել ոճրագործին, որպեսզի հավաստիանան, որ նա գտնվում է Գյումրիում: Դատախազության շենքի մոտից հանրահավաքի մասնակիցներն ուղևորվեցին ՌԴ հյուպատոսարանի շենք, որտեղ էլ ցուցարարների և ոստիկանների միջև արձանագրվեց լարվածություն, ինչի հետևանքով 15 անձ, որոնցից 6-ը ոստիկաններ, տեղափոխվեցին հիվանդանոց:

 

Վերջին տեղեկություններով' բոլոր քաղաքացիական անձինք և 3 ոստիկաններ դուրս են գրվել հիվանդանոցից: «Ժառանգություն»խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և «Բարգավաճ Հայաստան»խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կոչ արեցին հանդարտվել հավաքվածների և վստահեցրին, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ու իրենք այժմ ուղևորվելու են ռազմաբազա և հավաս տիանալու, որ ոճրագործը գտնվում է Գյումրիում: Ցուցարարները կրկին շարժվել են դեպի դատախազության շենք: